Մեր տրամադրության տակ են գովազդի՝ երբևիցե ստեղծված ամենաարդյունավետ մեթոդները, իսկ մենք դրանք ճիշտ չենք կիրառում
Երբևէ տվել ե՞ք ձեզ այս հարցը. ինչպե՞ս է ժամանակակից տեխնոլոգիաների դարում իրականացվում ձեր ապրանքի կամ ծառայության մասին մարդկանց տեղյալ պահելու պրոցեսը:
Այս հարցը բոլորին է հուզում, ոչ միայն փոքր բիզնեսներին այլ նույնիսկ բազմամիլիոն, միջազգային գիգանտ ընկերություններին նույնպես: Ինչո՞ւ: Որովհետև ապրանքն ու ծառայությունը գովազդելու եղանակները հիմնավորապես փոխվել են, իսկ մեր գիտակցությունը դեռ չի գրանցել այդ փոփոխության ողջ մասշտաբը:
Առաջներում ամեն ինչ շատ ավելի պարզ էր. պետք էր շատ փող, և այդ դեպքում կարելի էր ստեղծել շատ գեղեցիկ և շատ թանկ գովազդներ, վահանակներ, բրուշյուրներ, էլի ինչ-որ բաներ և դրանց տեղադրել շատ թանկ լրատվամիջոցներում՝ հեռուստատեսության ամենաթանկ ալիքներում, ռադիոյում, քաղաքի կենտրոնական փողոցներում… կարելի է էլի թվարկել, բայց պետք չէ: Պետք չէ, որովհետև էլ արդիական չէ՛:
Հեռուստատեսության ոսկե դարն անցել է՝ մենք հեռուստացույց չենք նայում, ռադիո լսում ենք գրեթե պատահաբար և օրական մի քանի րոպե, փողոցում մեծ վահանակներ տեղադրել իրենց կարողանում են թույլ տալ միայն բանկերը, բջջային օպերատորներն ու բուքմեյքերական ընկերությունները (դուք այս երեք տեսակի մեջ չեք մտնում, չէ՞: Եթե մտնում եք, ապա կարող եք չշարունակել սա կարդալը, ձեր մարքեթինգի բաժինը միևնույն է անելու է այն, ինչ արդեն պլանավորել ու բյուջետավորել է, հիմնականում հին մեթոդներով՝ հեռուստատեսությամբ, ռադիոյով, Սևան տանող մայրուղու երկայնքով):
Եթե չեք հավատում, որ հեռուստատեսության ոսկե դարն անցել է, եկեք պատասխանենք հետևյալ հարցին. հեռուստատեսության, ամենայն հավանականությամբ կաբելային, ո՞ր ալիքով է ավելի արդյունավետ գովազդել ձեր ապրանքը կամ ծառայությունը: Յուրանքանչյուրիս տանը միացված թվով մոտ 150 ալիքից ո՞ր մեկով: Թերևս միայն հայկականներո՞վ, ասենք օրինակ մի 15 ալիքով: Լավ, այդ դեպքում 15 ալիքներից ո՞ր մեկով: Ձեր հաճախորդը ո՞ր ալիքն է նայում: Չգիտենք, այդպիսի հետազոտություն չկա: Իսկ ո՞վ է ձեր հաճախորդը: Դա՞ էլ վստահ չենք կարող ասել: Այդ դեպքում բոլոր 15 ալիքներո՞վ: Շատ մեծ բյուջե կպահանջվի, ոչ բոլորն ունեն…
Եվ այսպես, ինչպես նշեցինք, հին մեթոդները էլ չեն գործում, բայց քանի դեռ մեր գիտակցությունը չի վարժվել այդ գաղափարի հսկայական հետևանքներին, մենք փորձելու ենք ինչ-որ քայլեր անել հին միջոցներով ու մեթոդներով: Կամ, նոր միջոցներով, այսինքն տեխնոլոգիաներով, բայց հին մեթոդներով, այսինքն այնպիսի գոռգոռացող և անճաշակ գովազդներով, որոնք հարմար էին հեռուստեսության ու ռադիոյի նպատակների համար, բայց ոչ նոր տեխնոլոգիաների: Եվ դրանք օգուտ չեն բերելու:
Օրինակ. շատերը այդ հարցին, թե ինչպես է հարկավոր անել մարքեթինգը, առանց տատանվելու ասում են՝ սոցցանցերով: Ճիշտ է՞: Այո, որովհետև դրանք ժամանակակից ամենախոշոր լրատվամիջոցներն են: Բայց աշխատում է՞ արդյոք այդպիսի մարքեթինգը: Ոչ միշտ, որովհետև ինստագրամում օրական 40 լուսանկար տեղադրելը մարքեթինգ չէ, այլ 40 նկար տեղադրել է ընդամենը: Նույնիսկ, եթե պրոֆեսինալ լուսանկարիչ է դրանք արել:
Իսկ ի՞նչն է աշխատում: Նախ հարկավոր է մեր գիտակցության մեջ կոտրել մի քանի ստերեոտիպեր:
Ստերետիպ համար 1. Մարքեթինգը դա այն գովազդներն են, որ մենք տեսնում ենք հեռուստատեսությամբ:
Անհրաժեշտ է հասկանալ, որ այսօրվա գովազդը հիմնավորապես տարբերվում է մեր գիտակցության մեջ ամուր նստած հին գովազդներից՝ գոռգոռացող ձայներ, բարձր ու անհանգստացնող երաժշտություն, 30-60 վայրկյան տևողություն, մի քանի անգամ հնչում է ընկերության անունը, վերջում անպայման ընկերության ուղերձը, մի քանի անգամ կրկնվում է հեռախոսի համարը, հնարավոր է նաև հասցեն:
Այսօրվա գովազդն այդպիսին չէ: Այն բոլորովին այլ տեսք ունի և տեղ է հասցվում հասցեատիրոջը բոլորովին ոչ այն ձևով, ինչին մենք սովորել ենք տասնամյակներ շարունակ: Այսօրվա գովազդը գովազդի տեսք չունի: Բայց դա հասկանալու և ճիշտ կիրառելու համար հարկավոր են ավելի հիմնավոր գիտելիքներ, քան սոցցանցերում ներկա լինելու համար է անհաժեշտ:
Ստերեոտիպ համար 2. Մարքեթինգը թանկ հաճույք է և փոքր բիզնեսները չեն կարող այն իրենց թույլ տալ՝ բյուջեն թույլ չի տալիս:
Քանի որ ժամանակակից գովազդը միանգամայն այլ տեսակի է և հեռարձակվում է բոլորովին այլ լրատվամիջոցներով, այժմ հնարավոր է զգալիորեն ավելի էժան միջոցներով այն սարքել ու տեղադրել, հետևաբար մենք մեզ կարող ենք թույլ տալ ամեն մի նեղ սեգմենտի համար ստեղծել հատուկ իրեն հասկանալի և պետքական գովազդ: Հետևաբար մեր առաջնային խնդիրն է մեր ապրանքի կամ ծառայութան սեգմենտները ճիշտ հասկանալն ու սահմանելը: Սա գործընթաց է, որին հարկավոր է հատկացնել ժամանակ և, եթե հնարավոր է, ներգրավել մարքեթինգի մասնագետի:
Ստերեոտիպ համար 3. Մարքեթինգը դա շուկայի հետազոտությունն է:
Բոլորովին էլ ո՛չ, հարկավոր է սկսել գիտակցել, որ մարքեթինգը միայն շուկայական հետազոտությունը չէ, ինչպես կարծում են շատերը: Շուկայական հետազոտություններն, իհարկե, շատ անհրաժեշտ են, բայց թող որ դրանցով զբաղվեն այն մարդիկ, ովքեր կարողանում են և սիրում են դա անել: Մարքեթինգի մտածելակերպ ունեցող մարդիկ պարտադիր չէ, որ հետազոտող լինեն իրենց բնույթով: Մարքեթինգը այն ամենն է, ինչ մենք անում ենք վաճառք իրականացնելու համար: Իսկ այդ ամենը ներառում է շատ ու շատ տարբեր մեթոդներ, ներառյալ գովազդ:
Ստերեոտիպ համար 4. Փոքր ընկերությունները կարող են կրկնել այն, ինչ անում են մեծ ընկերությունները, չէ՞ որ մեծերը իրենց փորձով ապացուցել են, որ դրանք աշխատող մեթոդներ են:
Միանշանակ սխալ կարծիք է սա: Մեծերն ունեն այլ նպատակներ և այլ բյուջե: Փոքր ընկերությունների համար արդյունավետ են բոլորովին այլ տեսակի մեթոդներ: Ինչ մեթոդներ, ինչպես դրանք հասկանալ ու կիրառել:
Հենց այսպիսի գիտելիքներ են տալիս փոքր բիզնեսների համար նախատեսված մեր դասընթացները.
Թվային մարքեթինգով հետաքրքրվողների համար օգտակար կլինի մեր օնլայն դասընթացը, որին կարող եք գրանցվել սեղմելով ներքևի կոճակը: