Որոնց ամեն բիզնես պետք է ծանոթ լինի
Նախորդ չորս հոդվածներում մենք ներկայացրեցինք թվային մարքեթինգի ընդհանուր ՙՙպատկերը՚՚, քոնթենթ մարքեթինգի ՙՙՙգաղտնիքների՚՚ , վճարովի գովազդի և բջջային մարքեթինգի մասին ավելի մանրամասն: Այս հոդվածում խոսելու ենք սոցցանցերով մարքեթինգի ՙՙգաղտնիքների՚՚ մասին: Իսկ այստեղից կարող եք ներբեռնել ամբողջական հոդվածը pdf տարբերակով:
5. Սոցցանցեր (social media). մարքեթինգ և հեղինակության կառավարում
Սոցցանցերը վաղուց արդեն դարձել են թվային մարքեթինգի հիմնական ուղղություններից մեկը: Սոցցանցերը ոչ միայն հիմնական ուղղություններից են, այլ նաև հնարավոր հաճախորդներ ձեռք բերելու և վաճառքի կարևորագույն գործիքներ են: Մտածեք, օրինակ, թե վերջին անգամ երբ եք հյուրանոց կամ ռեստորան ընտրել առանց նախօրոք ստուգելու դրանց սոցցանցերի ներկայությունը և առանց հաշվի առնելու հաճախորդների կարծիքները: Այս մասում մենք անդրադառնալու ենք դրանց օգտագործման մի քանի ՙՙգաղտնիքների՚՚:
Մենք նայելու ենք մի քանի տարբեր գործոններ, որոնց շնորհիվ դուք կկարողանաք հաջող օգտագործել ձեր սոցցանցերի ներկայությունը: Դրանք վերաբերում են ձեր մարքեթինգին և ձեր բրենդի օնլայն հեղինակության կառավարմանը:
Մարքեթինգ սոցցանցերի միջոցով
Մենք արդեն խոսել ենք բովանդակության միջոցով մարքեթինգի հնարավորությունների մասին: Իսկ եթե բովանդակության միջոցով մարքեթինգը ձեր թվային մարքեթինգի ուղղություններից է, ապա սոցցանցերը հենց այն շարժիչ ուժն են, որոնք հաջողություն են բերում այդ հարցում:
Ահա մի քանի կարևոր ՙՙգաղտնիք՚՚ հաջողության հասնելու համար.
Որակը պետք է գերակշռի քանակին. Շատ ավելի լավ է ունենալ 100 նվիրված հետևորդ, քան 1000 մարդ, ովքեր հետևել են ձեզ ինչ որ մի բան անվճար ստանալու ակնկալիքով: Եթե դուք օրը 2-3 որակյալ հետևորդի հետ կապ հաստատեք, ապա մի քանի տարում կունենաք այնպիսի հետևորդների հրաշալի ցուցակ, ովքեր ձեր բրենդին նվիրված ու հավատարիմ կլինեն:
Մի շտապեք. Եթե ցանկանում եք անմիջապես ձեռք բերել հնարավոր հաճախորդների մեծ թիվ, ապա վճարովի գովազդն է դրա լուծումը: Սակայն, եթե ցանկանում եք նվիրված հնարավոր հաճախորդների ցուցակ կառուցել, ապա դրա համար ժամանակ է պահանջվում: Դրա համար պետք է ստեղծեք լավ բովանդակություն, և մարդիկ իրենք կցանկանան ձեզ հետ լինել:
Արագ հաջողությունների հետևից մի ընկեք. Մի ակնկալեք, որ ձեր տեղադրած բովանդակությունը հանկարծ բոլորը կսկսեն նայել ու կիսել ուրիշների հետ: Այդպիսի բովանդակության մասին շատ անտեղի տեղեկություններ ու խորհուրդներ կան, սակայն, դրանք օգտակար չեն: Շատ ավելի կարևոր է, որ ձեր տեղադրած նյութը որակյալ լինի և ձեր լսարանի համար արժեք ներկայացնի: Այդ դեպքում, այդ նյութը որոնման համակարգերի կողմից էլ բարձր կգնահատվի:
Միացեք խոսակցությանը. Հաճախ է պատահում, որ մարդիկ արձագանքեն բրենդի տեղադրած նյութին, սակայն բրենդի կողմից ոչ մի պատասխան չստանան: Մի արհամարհեք ձեր լսարանի կարծիքները: Չէ՞ որ մի պատճառ կա, որ ցանցը սոցիալական է կոչվում: Երբ որևէ մեկը արձագանքում է, անպայման պետք է պատասխանել, անկախ նրանից, թե որքան զբաղված եք:
Հետևողական եղեք. Եթե սկսում եք օրական 3-4 նյութ տեղադրել, իսկ հետո, երբ շատ եք զբաղված, տեղադրել շաբաթը մեկ, դա կարող է վատ անդրադառնալ ձեր հեղինակության վրա: Հետևողականությունը կարևոր է: Եթե գտնում եք, որ երբ շատ զբաղված եք, միայն շաբաթական մեկ անգամ կարող եք լավ նյութ դնել, ապա թող հենց այդպես էլ լինի: Սակայն, այդ դեպքում անպայման շաբաթը մեկ պետք է նյութ տեղադրեք, առանց բացառության: Այդ դեպքում, մարդիկ կիմանան, որ իրենց ընտրած բրենդը վստահելի և հուսալի տեղեկության աղբյուր է:
Ներգրավեք, այլ ոչ թե միայն հեռարձակեք. Որոշ մարքեթինգի մասնագետներ սոցցանցերը դիտարկում են որպես լրատվամիջոցի մի տեսակ: Գրառումները տեղադրվում են ինչպես ՙՙպրես ռիլիզներն՚՚ են թողարկվում: Այսինքն, միայն տեղեկացնում են և ոչ մի ներգրավվածություն չեն ապահովում: Մինչդեռ հարկավոր է ոչ միայն հարցեր տալով դրդել ձեր լսարանին արձագանքել, այլ նաև ներգրավել նրանց ուրիշների սկսած խոսակցության մեջ, օրինակ, արձագանքել ուրիշների գրած դիտողություններին:
Հեղինակության կառավարում սոցցանցերի միջոցով
Չկա ավելի վատ բան, քան այն, երբ ձեր մարքեթինգի ու վաճառքի թիմերը իրենց ողջ ժամանակը նվիրում են ձեզ համար հնարավոր հաճախորդներ ձեռք բերելուն, իսկ ձեր օնլայն հեղինակությունը լավը չի լինում:
Սոցցանցերի մեծ մասը հեղինակության կառավարման գործիքներ առաջարկում են: Սակայն պետք չէ սպասել, մինչև խնդիր ունենաք, հետո նոր արձագանքեք (օրինակ, երբ մեկնումեկը վատ կարծիք գրի): Հենց սկզբից սկսեք կառավարել ձեր թվային հեղինակությունը: Դա դժվար չէ, ուղղակի հարկավոր է գործընթաց ունենալ և ճիշտ եղանակներ կիրառել մարդկանցից կարծիք խնդրելու համար: Իսկ սոցցանցերը կօգնեն ձեզ դրանում:
Լավ հեղինակություն չունենալու երկու հիմնական պատճառ կարող է լինել.
1. Ձեր ապրանքը կամ ծառայությունը լավը չէ, և մարդիկ գրում են դրա մասին. Այս դեպքում, ձեզ հարկավոր է բարելավել ձեր ապրանքը կամ ծառայությունը նախքան սոցցանցերում ներկայություն ունենալը. Այլ տարբերակ չկա:
2. Դուք չեք խնդրում, որ ձեր մասին կարծիք գրեն. Ուրեմն սկսեք խնդրել և հավաքել դրական կարծիքներ:
Դրական օնլայն հեղինակությունը կօգնի մեծացնել ձեզնից գնում կատարելու տոկոսը:
Նաև հիշեք հետևյալ ՙՙգաղտնիքը՚՚. Պարտադիր չէ, որ ձեր հեղինակությունը վատը լինի, որպեսզի դուք տանուլ տաք ՙՙթվային պայքարը՚՚: Եթե ձեր մրցակցի հեղինակությունը ավելի լավն է, քան ձերը, այդ խաղն արդեն տանուլ է տված: Նույնիսկ նախքան դուք կիմանաք դրա մասին:
Ահա մի քանի հուշում, թե ինչպես սկսել այս գործընթացը.
Ստեղծեք կարծիքներ խնդրելու գործընթաց և այնպես արեք, որ ձեր հաճախորդները տեղյակ լինեն դրա մասին:
Երբ հաճախորդից դրական կարծիք եք ստանում, տարածեք այն բոլոր սոցցանցերում: Օրինակ, վերցրեք LinkedIn-ում ստացած կարծիքները և տեղադրեք դրանք ձեր կայքում, բլոգում և Ֆեյսբուքի էջում, այնպես, որ առավելագույնը քաղեք ձեր թվային ներկայությունից:
Լավագույն կարծիքները վերածեք հոդված-հետազոտությունների (case studies) կամ վկայությունների և տեղադրեք ձեր կայքում, նշելով դրանք գրողների անունները:
Չմոռանաք շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր հրաշալի կարծիքներ են թողնում ձեր մասին: Իրականում, հարկավոր է ժամանակ տրամադրել բոլորին պատասխանելու համար: Կրկնվող հաճախորդները և նրանց լավ կարծիքները ձեր բիզնեսի համար կարևորագույն գործոն են:
Եթե օնլայն հեղինակության կառավարումը ձեր թվային մարքեթինգի այն կողմն է, որին դեռ չեք անդրադարձել, հենց հիմա սկսեք. որոնում իրականացրեք Գուգլում և տեսեք, թե ինչ են ասում մարդիկ ձեր բրենդի վերաբերյալ: Կարող եք սկսել հետևյալ արտայտությամբ որոնումից. “brand name reviews”: Դա ձեզ ցույց կտա, թե ուրիշներն ինչ կտեսնեն, երբ նմանատիպ որոնում տան: Այն ինչ կտեսնեք կա՛մ ձեզ կհուշի, որ որոշ բաներ մաքրելու աշխատանք պետք է անեք, կա՛մ կարող եք կենտրոնանալ այն հուշումների վրա, որոնց մասին վերևում խոսեցինք:
Ժամանակ խնայելու և հաջողությունը չափելու որոշ գործիքներ
Ձեր բիզնես նպատակներին սոցցանցերի միջոցով հասնելու շատ գործիքներ կան: Սկզբի համար, ահա դրանցից մի քանիսը.
Discover.ly. սա Գուգլ Chrome-ի հավելված է (extension), որն օգնում է տեսնել ձեր էլփոստի բազայում եղած մարդկանց սոցցանցերի հաշիվները և կապ հաստատել նրանց հետ տարբեր եղանակներով: Rapportive-ը մեկ այլ նմանատիպ հնարավորություն է:
Pocket: նախկինում կոչվում էր Read It Later, հավելված և վեբ ծառայություն ինտերնետում հոդվածների և տեսանյութերի ցուցակ ստեղծելու և կառավարելու համար. օգնում է արագ պահպանել առցանց ձեզ հանդիպած բովանդակությունը, որը դուք կարող եք տեղադրել հատուկ ստեղծած թղթապանակների մեջ՝ հետագայում օգտագործելու համար: Եթե ձեր աշխատանքը բովանդակության հետ է կապված, ապա այս ծրագիրը ձեր երազանքի ծրագիրն է: Դուք նշում եք, թեգ եք անում, տարբեր տեսակի բովանդակությունը և դասակարգում ըստ տեսակների՝ նկարներ, տեսանյութեր կամ հոդվածներ, տեղադրում համապատասխան թղթապանակների մեջ, հետագայում դրանց անդրադառնալու համար:
Feedly: Վստահելի աղբյուրներից բովանդակություն հավաքելու ևս մեկ գործիք: Բովանդակության աղբյուրները ձեր Feedly հաշվի մեջ հավաքելուց բացի, կարող եք դրանց նաև ավելացնել Twitter-ի ձեր ցուցակները, եթե այդպիսիք ստեղծել եք (ինչը ևս մեկ հրաշալի եղանակ է մեկ տեղում էքսպերտների կողմից գրված հոդվածներ հավաքելու համար) և այդպիսով թողարկել ձեր սեփական eNewspaper-ը ձեր ընտրած թեմայով:
Hootsuite: խոսելով Twitter-ի ցուցակների մասին, եթե ցանկանում եք առավելագույնը ստանալ ձեր քոնթենթ մարքեթինգի ջանքերից և նվազագույնի հասցնել ձեր օնլայն գույքի (կայքի կամ սոցցանցերի էջերի) կառավարման վրա ծախսվող ժամանակը, ապա Hootsuite-ում Twitter-ի ցուցակներ ավելացնելը պարտադիր է: Hootsuite-ը նաև սոցցանցերի էջերի կառավարման համակարգ է, որը կարող է օգնել ձեզ կառավարել բոլոր տեսակի սոցցանցերի գրառումները՝ մեկ տեղ հավաքելով դրանք՝ մեկ ծրագրի միջոցով:
Ի մի բերելով ամբողջը
Արդյո՞ք սոցցանցերը կօգնեն ձեզ հասնել ձեր բիզնես նպատակներին, սա այն հարցն է, որը պետք է ներառված լինի ձեր թվային մարքեթինգի ռազմավարության մեջ: Այսօրվա օնլայն աշխարհում, սոցցանցերով մարքեթինգն այն կրիտիկական բաղադրիչն է, որը պետք է ներառված լինի յուրաքանչյուրի թվային մարքեթինգում:
Շարունակական կրթության և օգտակար բովանդակություն ստեղծելու միջոցով ձեր հաճախորդների հետաքրքրությունները բավարարելն ու խնդիրներին լուծում առաջարկելը, ինչպես նաև հրաշալի սպասարկում ապահովելը այն մեծ նպատակն է, որն օգնում է ձեզ մոտ եկած անծանոթներին դառնալ ձեր բրենդի հավատարիմ հաճախորդներ: Այս ամենին հեշտ է հասնել, եթե դուք արդեն ստեղծել եք սոցցանցերի լուրջ ռազմավարություն:
Արագ ու հեշտ սովորեք, թե ինչպես ճիշտ օգտագործել սոցցանցերն ու մարքեթինգը ձեր բիզնեսն աճեցնելու համար: Անցեք մեր մարքեթինգի օնլայն դասընթացները:
Բաց մի թողեք դրանք զեղչված գնով ձեռք բերելու հնարավորությունը: