Ուղղությունները և մի քանի օգտակար խորհուրդ յուրաքանչյուրի վերաբերյալ
Այս հոդվածի առաջին մասում ներկայացրեցինք թվային մարքեթինգի մի քանի կարևոր ուղղություն՝
– որոնման համակարգերի օպտիմիզացում՝ Search Engine Optimization – SEO
– գովազդ Գուգլում՝ Google Ads
– գովազդ Ֆեյսբուքում՝ Facebook Ads
և թե ինչն է կարևոր յուրաքանչյուրի համար և ինչ սխալներից լավ կլինի խուսափել:
Այս մասում շարունակում ենք ներկայացնել թվային մարքեթինգի մյուս ուղղությունները.
– սոցցանցերով մարքեթինգ՝ Social Media Marketing
– քոնթենթ մարքեթինգ՝ Content Marketing
– էլփոստով մարքեթինգ՝ Email Marketing:
Այստեղից կարող եք ներբեռնել այս հոդվածի ամբողջական .pdf տարբերակը – Մաս 1-ին և 2-րդ:
Սոցցանցերով մարքեթինգ՝ Social Media Marketing
Սոցցանցերով մարքեթինգը (SMM) այն եղանակներից մեկն է, որով բիզնեսները կապ են հաստատում իրենց հնարավոր հասճախորդների հետ, օգտագործելով Facebook-ը, Twitter-ը, Instagram-ը, YouTube-ը և LinkedIn-ը:
Շատ հաճախ, SMM-ը վերաբերում է այնպիսի ՙՙկպչուն՚՚ (այսինքն հիշվող) բովանդակություն ստեղծելուն, որ այն իր վրա հրավիրի և պահի մարդկանց ուշադրությունը:
Դա կարող է ներառել սոցցանցերի համար տարբեր տեսակի նյութեր, օրինակ տեսանյութեր, բլոգի հոդվածներ, հետազոտություններ, ինֆոգրաֆիկ նյութեր, նկարներ և կենդանի հեռարձակում:
SMM-ի նպատակը այնպիսի բովանդակությունն է, որ մարդիկ ցանկանան կիսել այն սոցցանցերի իրենց էջերում, ինչն էլ կնպաստի բրենդի ճանաչելիությանը և ավելի շատ հաճախորդներ ձեռք բերելուն:
Խոշոր սոցցանցերի մեծ մասը խրախուսում են, որ մարդիկ ավելի շատ տեղեկություն տրամադրեն իրենց մասին՝ այսինքն տրամադրեն աշխարհագրական, դեմոգրաֆիական, անձնական տվյալներ և իրենց հետաքրքրությունների մասին տեղեկություններ: Քանի որ դա օգնում է, որ մարքեթինգի մասնագետները իրենց ուղերձները հարմարեցնեն լսարանի կարիքներին ու հետաքրքրություններին:
SMM-ի ամենամեծ առավելություններից մեկն այն է, որ անմիջապես կարելի է տեսնել, թե ինչպիսին է մարդկանց արձագանքը տվյալ նյութի նկատմամբ:
Ինչն է կարևոր
Սոցցանցերում ամենակարևորը կապ հաստատելն ու հարաբերություններ կառուցելն է: Այդ պատճառով, շատ կարևոր է, որ բրենդի հետևորդները հնարավորություն ունենան կապ հաստատել այդ բրենդի հետ: Հետևորդներին հարկավոր է տալ պատճառներ, որ կապի մեջ լինեն: Իսկ հարցեր տալը դրա լավագույն եղանակներից է:
Կարևոր է ձեր լսարանը շատ լավ ճանաչելը և դրա մասին տվյալներ ունենալը: Ինչն է ստիպում նրանց ծիծաղել կամ տխրել, ինչն է ստիպում որևէ նյութ ընկերների հետ կիսել:
Փորձարկեք, թե ինչն է լավ աշխատում, ինչին են լավ արձագանքում: Պատրաստ եղեք նոր բաներ փորձելու: Օրինակ, ինֆոգրաֆիկան ամենալավ արձագանք բերող բովանդակության տեսակներից է:
Սոցցանցերում, բովանդակության որակն ավելի կարևոր է, քան քանակը: Որքան նյութն արժեքավոր, օգտակար և բովանդակալից լինի, այնքան ավելի լավ արդյունքների կարելի է հասնել:
Անկեղծ եղեք, պատմություն պատմեք ձեր նյութերով, այնպիսի պատմություն, որ ձեր լսարանն ուզում է լսել: Մարդիկ գովազդից ձանձրացել են և ցանկանում են որակյալ նյութ տեսնել:
Պետք է նաև հստակ նպատակ ունենալ ամեն արշավի համար: Ի՞նչ նպատակի են ծառայում տվյալ արշավի համար ստեղծված նյութերը: Ինչի՞ եք ուզում հասնել: Ի՞նչ է ձեր բիզնեսը շահելու տվյալ արշավից:
Հաջողության հասնելու լավ եղանակներից մեկը նայելն է, թե ձեր բնագավառում մյուս հաջող ընկերություններն ինչ են անում սոցցանցերում:
Ինչ սխալներից խուսափել
Ամենամեծ սխալը փորձելն է բոլոր ցանցերում ակտիվ լինել: Արդյունքում, հնարավոր է, հինգ ցանցերում վատ ներկայություն ունենաք: Իսկ դրանից բրենդը ոչ մի օգուտ չի քաղի: Եվ կեզրակացնի, որ սոցցանցերը օգուտ չեն տալիս: Հարկավոր է ընտրել մեկ կամ երկու ցանցեր, որտեղ ձեր հաճախորդները ամենից շատ են լինում:
Օրինակ, պետք չէ շատ ժամանակ ծախսել Ինստագրամի վրա, եթե ձեր հաճախորդները այնտեղ չեն լինում: Կամ Պինտերեստի վրա, եթե դուք տեղական բիզնես եք: Այլ կերպ ասած, ճանաչեք ձեր շուկան և ընտրեք ձեր իդեալական սոցցանցը: Ժամանակ մի ծախսեք սխալ տեղում ակտիվ լինելու վրա:
Շատ մեծ սխալ է ենթադրելը, թե մարդկանց հետաքրքրում է ձեր առաջարկը: Մարդկանց հետաքրքրում են իրենց սեփական անձը և իրենց կարիքները: Որքան ավելի լավ պատկերացնեք ձեր շուկայի անհատներին, այնքան ավելի հաջող կլինի ձեր արշավը:
Յուրաքանչյուր սոցցանց իր առանձնահատկություններն ունի, այդ թվում նաև նյութերի համար: Հարկավոր է ամեն սոցցանցի համար ստեղծել տարբեր՝ այդ ցանցին հարմար նյութեր: Օրինակ Ինստագրամի՝ @ և # սիմվոլներով ծանրաբեռնված տեքստերը Ֆեյսբուքում սարսափելի վատ են նայվում:
Եթե տեսանյութեր եք օգտագործում, ապա դրա համար հատուկ մանրամասն պլան ունեցեք յուրաքանչյուր ցանցի համար: Պետք չէ պարզապես ձեր հեռախոսի մեջ բացել հավելվածն ու սկսել հեռարձակել:
Երբեմն ընկերությունները սոցցանցերի մարքեթինգով զբաղվում են, առանց դրա նկատմամբ հակում կամ սեր ունենալու: Այդ դեպքում, բրենդը չի հետաքրքրի մարդկանց, նրանց չի տա այն, ինչ մարդիկ փնտրում են: Չի ունենա իր դեմքը, չորուցամաք և անհետաքրքիր կլինի:
Ամենամեծ սխալներից մեկն է կարծելը, թե ձեր ցանկացած գրառում կամ արշավ տասնյակ հազարավոր մարդիկ կտեսնեն: Անվճար ցուցադրումը սոցցանցերում շատ սահմանափակ է դարձել: Հետևաբար, հարկավոր է անվճար արշավները համատեղել վճարովի գովազդի հետ:
Քոնթենթ՝ բովանդակություն ստեղծելու միջոցով մարքեթինգ՝ Content Marketing
Երբ ընկերությունները հետևողականորեն ստեղծում ու տարածում են արժեքավոր ու տեղին նյութեր՝ մարդկանց գրավելու և նոր հաճախորդ ձեռք բերելու համար, ապա խոսքը գնում է քոնթենթ մարքեթինգի մասին:
Այսինքն, այդպիսի բովանդակության նպատակը այն մարդկանց գրավելն է, ում հետաքրքրում է այդ նյութը և ստիպում հետաքրքրվել նաև տվյալ ընկերության առաջարկով:
Այս սահմանման մեջ, ամենակարևոր բառը ՙՙարժեքավորն՚՚ է: Սա է, որ այս տեսակի մարքեթինգը դարձնում է տարբեր մնացած բոլոր տեսակի գովազդներից ու մարքեթինգից: Դուք կարող եք ասել, որ տվյալ նյութը քոնթենթ մարքեթինգի նյութ է, եթե մարդիկ գտնում են այն և ցանկանում են օգտագործել, այլ ոչ թե խուսափում են դրանից: Այսինքն, քոնթենթ մարքեթինգի նպատակը որքան հնարավոր է շատ արժեք տրամադրելն է ձեր լսարանին:
Ի՞նչ տեսակի նյութեր կարելի է օգտագործել այս նպատակով: Սահմանափակում չկա, կարող եք ստեղծել այնքան տեսակի նյութ, որքան տեսակի բովանդակություն աշխարհում կարող է ստեղծվել: Ահա ամենաշատ օգտագործվողները.
– Ինֆոգրաֆիկա՝ երկար, ուղղահայաց նկարներ, որոնք սովորաբար ներկայացնում են կամ վիճակագրական տվյալներ, կամ գրաֆիկներ կամ էլ այլ տեղեկություններ
– Վեբկայքի էջեր, որոնք մարդկանց հետաքրքրում են և այնպիսի նյութ տրամադրում, որն իրենց խնդրին լուծում է տրամադրում
– Տեսանյութեր, որոնք բացատրում են, օգնում են, խնդրի լուծում են տրամադրում
– Գրքեր, որոնք, դարձյալ, օգնում են մարդկանց լուծել իրենց խնդիրները, տեղեկություններ ստանալ, սովորել և այլն: Մարքեթինգի մասնագետները ոչ թե պարզապես գիրք են գրում ու վաճառում, այլ գրքերն օգտագործում են որպես մարքեթինգի գործիք:
Ինչն է կարևոր
Ամենակարևորը քոնթենթ մարքեթինգում ձեր լսարանի հետաքրքրություններին համապատասխան բովանդակություն ստեղծելն է: Դրա համար կարևորը, առաջին հերթին, ձեր լսարանի հետաքրքրությունները լավ ճանաչելն է:
Ամենալավ ռազմավարությունը հետևյալն է. ստեղծել ընտրած թեմայով մեկ գլխավոր նյութ, իսկ դրանից ստեղծել տարբեր ֆորմատների բազմաթիվ այլ նյութեր: Օրինակ, եթե հետազոտություն եք արել որևէ թեմայով և ստեղծել հոդված, ապա դրա excel ֆորմատով գրաֆիկները կարող եք հրապարակել առանձին տարբեր հարթակներում: Իսկ հոդվածը կարող եք դարձնել e-book ֆորմատի և առցանց հրատարակել: Կարող եք այնուհետև ստեղծել ինֆոգրաֆիկ նյութեր և այլն: Կարող եք ձեր վեբինարներում և դասընթացներում այնուհետև օգտագործել այդ նյութի կտորները:
Կարող եք փորձել սա պատկերացնել ճաղերով անիվի տեսքով. կենտրոնում ձեր գլխավոր նյութն է, իսկ դրանից դուրս են գալիս ճաղերը՝ ավելի փոքր ծավալի, բայց նույն թեմային վերաբերող նյութեր: Այդ նյութերը բոլորն ուղղորդում են հաճախորդին դեպի գլխավոր նյութը:
Լավ նյութ ստեղծելուց հետո, կարևոր է նաև այն ճիշտ տարածելը: Օրինակ, տեղադրեք ձեր կայքի կենտրոնական տեղում, այնպես, որ ձեր լսարանը գտնի այն: Օպտիմիզացրեք Գուգլի և այլ որոնման հարթակների համար: Ակտիվ գովազդեք, ուղարկեք ձեր էլփոստի ցուցակին:
Ստեղծեք այնպիսի նյութեր, որոնք տեղին են ձեր շուկայի համար, հետևողական եղեք նյութեր ստեղծելու հարցում: Արժեք ստեղծեք ու տրամադրեք ձեր հաճախորդին:
Կարևոր է նաև, որ ձեր ստեղծած նյութի համար ունենաք որոշակի նպատակ, հենց այնպես նյութ ստեղծելը՝ միայն ստեղծելու համար ձեզ օգուտ չի բերի: Օրինակ, եթե փորձում եք հնարավոր հաճախորդների հոսք ապահովել ձեր նյութի միջոցով, ապա ձեր նյութում անպայման պետք է լինի գործողության դրդելու ազդակ (call-to-action), որը կստիպի ընթերցողին անցնել ձագարի հաջորդ մասը:
Եվ հետևաբար, սահմանեք քոնթենթ մարքեթինգի արշավի նպատակը, ստեղծեք նյութ, որը ծառայում է այդ նպատակին և ընտրեք այն միջոցները, որոնցով ցուցադրելու եք այն ձեր ճիշտ լսարանին:
Երբ նոր նյութ եք ստեղծում, անմիջապես մի եզրակացրեք, թե այն ոչ ոքի չհետարքրքրեց: Որպեսզի հետաքրքրվեն, դուք պետք է հետևողականորեն նյութեր ստեղծեք և դրանց մասին ձեր լսարանին տեղյակ պահեք: Կարողացեք բևեռել նրանց ուշադրությունը ձեր ստեղծած նյութի վրա: Բովանդակություն ստեղծելն ինքնանպատակ չէ: Կարևոր է նաև դրա նկատմամբ ուշադրություն ստեղծելը:
Ինչ սխալներից խուսափել
Ամենամեծ սխալը քոնթենթ մարքեթինգում լինում է այն, որ կրթելու և սովորեցնելու փոխարեն, ընկերությունները փորձում են վաճառք իրականացնել ստեղծած նյութով: Երբ չափից դուրս շատ են կենտրոնանում իրենց ապրանքի կամ ծառայության վրա: Մինչդեռ, լավ բովանդակությունը կենտրոնանում է այն ավելի լայն թեմաների ու բնագավառների վրա, որ իրենց ապրանքը կամ ծառայությունը ներկայացնում է:
Ձեր բովանդակությունն օգտագործողները ցանկանում են հասկանալ, թե ինչ խնդիրներ կարող են լինել իրենց հետաքրքրող բնագավառներում: Հետևաբար, անհրաժեշտ է այդպիսի նյութը ստեղծելիս փորձել պատասխանել իրենց հուզող հարցերին, այլ ոչ թե փորձել վաճառք իրականացնել:
Սխալ է նաև, երբ նյութեր ստեղծելիս ընկերությունը հետևողական չի լինում. եթե մեկ-երկու նյութ ստեղծելուց հետո դադարեցնում եք գործը, եթե չեք շարունակում հաճախակի ստեղծել և տարածել օգտակար նյութեր, ապա ձախողելու եք: Տարբերությունը հաջողակ և անհաջողակ բիզնեսների միջև այն է, որ անհաջողակները հետևողականորեն չեն շարունակում գործը:
Ճիշտ չէ, երբ որևէ նյութի մասին քննարկումը հրապարակային չէ, այլ պատասխանում եք միայն հարցը տվողին: Չէ՞ որ տվյալ հարցը շատերին կարող է հետաքրքրել և պատասխանը շատերին կարող է օգտակար լինել: Հետևաբար, օգտագործեք ցանկացած քննարկում ձեր նյութը ակտիվորեն տարածելու համար:
Ամենաշատ վնաս ձեր քոնթենթ մարքեթինգի ջանքերին կարող է պատճառել կեսից կանգ առնելը: Մի քանի օր կամ շաբաթ բովանդակություն ստեղծելը բավական չէ որոշելու համար, թե արդյոք այն ձեզ օգուտ բերում է: Սա երկարատև պրոցես է՝ մարքեթինգի տեսակներից ամենաերկարը: Հաջողության համար հարկավոր է շատ երկարաժամկետ ու համբերատար աշխատանք: Սակայն, հիշեք, որ կարևորը ոչ թե քանակն է, այլ որակը:
Եվ վերջապես, ամենաշատ թույլ տրվող սխալը քոնթենթ մարքեթինգում. երբ նյութը ստեղծվում է դեպի կայք հոսք բերելու համար, սակայն կայքը օպտիմիզացված չէ ձեր հնարավոր հաճախորդին գործարքների` օրինակ բաժանորդագրության կամ գնում կատարելու (conversion) դրդելու համար:
Ստեղծեք բովանդակություն, որը խորհուրդ և օգտակար նյութ կտրամադրի մարդկանց, առաջին տեղում դրեք ձեր հաճախորդին, այլ ոչ թե ձեր ընկերությունը: Մտածեք, թե ինչը կօգնի նրանց լուծել իրենց խնդիրները:
Էլփոստով մարքեթինգ՝ Email Marketing
Էլփոստով մարքեթինգը ուղղակի մարքեթինգի տեսակներից է, որն օգտագործում է էլեկտրոնային փոստը իր լսարանին ուղերձներ ուղարկելու համար:
Սովորաբար, ընկերությունները իրենց հնարավոր և ներկա հաճախորդների բազա են ստեղծում և այնուհետև նրանց նամակներ ուղարկում, օգտագործելով էլփոստի ծառայություն՝ email service provider (ESP): Այս ծառայությունները ամենատարբեր տեսակի հնարավորություններն են ընձեռում ձեզ, այդ թվում տեսնելը, թե քանի մարդ բացեց կամ կարդաց ձեր ուղարկած նամակները:
Էլփոստով մարքեթինգը հաճախ օգտագործվում է նոր ապրանքներ կամ ծառայություններ ներկայացնելու, նոր հաճախորդներ ձեռք բերելու և ընկերության մասին տեղեկություններ հաղորդելու համար: Դրա համար ընկերությունները հաճախ ստեղծում են նորությունների պարբերական թերթիկներ (newsletters):
Էլփոստով մարքեթինգը ընկերություններին թույլ է տալիս հասնել իրենց հաճախորդներին անձնականացված, տեղին և դինամիկ ուղերձների միջոցով: Մարքեթինգի այս տեսակը կարող է օգտագործվել հաճախորդներին ՙՙկրթելու՚՚ համար, այսինքն տեղյակ պահելու վերջին միտումների, բրենդի վերջին զարգացումների և այլ նորությունների մասին:
Էլփոստով մարքեթինգի բովանդակությունը կարող է լինել ամենատարբեր ֆորմատների, սկսած պարզ կամ HTML տեքստերից, մինչև տեսանյութեր: Ինտերնետային լրատվամիջոցների զարգացումների համընթաց, զարգացել է նաև էլփոստով մարքեթինգի որակն ու բովանդակությունը:
Ինչն է կարևոր
Էլփոստով մարքեթինգում, ամենակարևոր բաներից մեկը ձեր ուղարկած նամակներում տեղեկության և զվարճանքի միջև ճիշտ բալանս գտնելն է: Անգամ ամենաձանձրալի թեմայի մասին կարելի է գրել գրավիչ և հետաքրքրական եղանակով: Այլապես նյութը չեն կարդա:
Շատ կարևոր է կառուցել բաժանորդների բազա, գրել որակյալ նյութ, մարդկանց ուղարկել տեղեկություն այն ապրանքների կամ ծառայությունների մասին, որն իրենց հետաքրքրում է: Իսկ դրա համար հարկավոր է, որ բազան մեծ լինի և կազմված լինի այնպիսի մարդկանցից, ովքեր իրենք են ցանկացել ձեր բաժանորդը դառնալ:
Գրեք այնպես, ինչպես եթե մի կոնկրետ մարդու եք գրում: Կարող եք անգամ մտքում իրական մարդ ունենալ գրելիս, ով գիտեք, որ կուզենա ձեր առաջարկը: Սա օգնում է կենտրոնանալ և առաջարկը ճիշտ կառուցել, այլ ոչ թե ընդհանուր ֆրազներ ասել:
Էլփոստով մարքեթինգում չափազանց կարևոր է բաժանորդներին սեգմենտների բաժանելը և յուրաքանչյուր սեգմենտի համար հատուկ իր համար նյութ ստեղծելը:
Շատ կարևոր է հետևել արշավների ընթացքին, փորձարկեք, տեսեք թե ձեր լսարանին ինչն է հետաքրքրում: Արդյոք սեղմում են նամակում տեղադրված հղումներին, հատկապես որոնցով են ավելի շատ հետաքրքրվում:
Անցել են այն ժամանակները, երբ մարդիկ տպավորվում էին այն բանից, որ նամակում իրենց անունն էիք գրում: Այժմ նրանք այլ բան են ուզում՝ որ ձեր նյութը լինի այն բանի մասին, ինչն իրենք որոնում են կամ ցանկանում: Նամակի անձնականացումը այլևս բավական չէ:
Պարզ նամակները ավելի լավ են կարդացվում, քան շատ ձևավորվածները: Վերնագիրը և սկիզբը գրավիչ արեք: Պատմություն պատմեք ձեր բրենդի մասին (սա ճիշտ է մարքեթինգի բոլոր տեսակների համար):
Յուրաքանչյուր նամակ մեկ գաղափարի նվիրեք: Չափից դուրս շատ տարբեր թեմաները կարող են վանել ձեր բաժանորդներին:
Ինչ սխալներից խուսափել
Չափից դուրս ջանք մի թափեք դիզայնի ու նկարների վրա: Նոր բաժանորդները, ովքեր դեռ ձեզ շատ չեն վստահում, հնարավոր է անգամ թույլ չտան, որ նամակում ձեր տեղադրած նկարը բացվի:
Եթե մարդիկ ձեր նամակներին չեն արձագանքում, մոռացեք նրանց մասին, ուրեմն նրանք ձեր առաջարկով հետաքրքրված չեն: Սակայն, եթե հնարավոր է, նախ փորձեք պարզել, թե ինչու հետաքրքրված չեն:
Մարդիկ ցանկանում են, որ դուք իրենց վերաբերվեք այնպես, ինչպես եթե իրենց հետարքրություններին ծանոթ եք: Հնարավորին չափ իմացեք իրենց մասին և աշխատեք հետքրքիր լինել իրենց:
Շատ մեծ սխալ է առանց փորձարկելու նամակ ուղարկելը բոլոր բաժանորդներին: Սկզբում ինքներդ ձեզ և ձեր թիմին ուղարկեք փորձնական նամակը, իսկ հետո նոր բաժանորդներին:
Մեծագույն սխալ է, երբ նամակի բովանդակությունը չի համապատասխանում նամակի վերնագրին: Նման ձևով խաբելը չի նպաստում ձեր բիզնեսի շահերին:
Երբ ինչ-որ մեկը բաժանորդագրվում է ձեր ցուցակին, նա վստահություն է հանդես բերում ձեր ընկերության նկատմամբ: Այդ դեպքում ընկերության պարտականությունն է դառնում գրավիչ ու տեղին նյութ ուղարկելը բաժանորդին: Եթե ընկերությունը չի արդարացնում այդ վստահությունը, ապա բաժանորդագրությունից դուրս եկողների քանակն ավելանում է:
Սխալ է նաև գործողության դրդելու կոչը (call-to-action) նկատելի չանելը: Հարկավոր է, որ դուք կարողանաք ձեր նամակը կապել տվյալ հնարավոր հաճախորդի հաջորդ քայլերի հետ: Ստիպեք, որ ձագարի հաջորդ փուլին անցնի: Մարդկանց համար առիթ ստեղծեք հաջորդ քայլն անելու և հստակ դարձրեք, թե այդ հաջորդ քայլը որն է: Նամակ ուղարկելու միակ պատճառը գործողության դրդելն է, դե ուրեմն այնպես արեք, որ նրանք հաջորդ քայլն անեն:
Մարդկանց մեծ մասը զբաղված են, անուշադիր են և առանձնապես չեն հետաքրքրված ձեր բիզնեսով: Որպեսզի մարքեթինգն արդյունավետ լինի, դուք պետք է նրանց տաք այն տեղեկությունը, որն իրենց համար կարևոր է և հստակ ասեք, թե ինչ պետք է իրենք անեն:
Մարքեթինգի մասին գիտելիքներ ձեռք բերելու ամենաարագ և հեշտ եղանակը.
Հաջորդ հոդվածում կարդացեք.
– Մի քանի գաղտնիք թվային մարքեթինգի մասին, որոնց ամեն բիզնես պետք է ծանոթ լինի:
Կարդացեք նաև այս թեմաներով մեր նախորդ հոդվածները.
Յուրաքանչյուր բիզնես պետք է իմանա սա մարքեթինգի մասին
Ինչպես Չ՛ՍԽԱԼՎԵԼ մարքեթինգային ծառայություններ ընտրելիս