Որոնց ամեն բիզնես պետք է ծանոթ լինի
Նախորդ երկու հոդվածներում մենք ներկայացրեցինք թվային մարքեթինգի ընդհանուր ՙՙպատկերը՚՚ և քոնթենթ մարքեթինգի ՙՙՙգաղտնիքների՚՚ մասին ավելի մանրամասն: Այս հոդվածում խոսելու ենք վճարովի գովազդի մասին:
3. Վճարովի գովազդ՝ Pay per Click (PPC) – ինչպե՞ս արագ արդյունքներ ստանալ
Վճարովի գովազդները (կամ ինչպես անգլերեն կոչում են Pay per Click կամ PPC), դրանք որոնման և այլ առցանց հարթակներում տեղադրվող գովազդներն են: Դրանք ցուցադրվում են մարդկանց, երբ նրանք որոնում են կատարում այդ հարթակներում: Ձեր գովազդի դիրքը, այսինքն մյուս գովազդներից վերև՞, թե՞ ներքև ցուցադրվի, որոշվում է մի գործընթացով, որը նման է աճուրդի և անգլերեն հենց այդպես էլ կոչվում է՝ bidding process: Գուգլի գովազդներ ստեղծելու և կառավարելու հարթակը Google Ads-ն է: Մյուս որոնման հարթակները, Yahoo, Bing, նույնպես ունեն այսպիսի հարթակներ: Իսկ Facebook-ն ունի իր հանրահայտ Ads Manager-ը:
Այս գործընթացը կառուցված է այնպես, որ երբ ձեր գովազդը ակտիվ է և ցուցադրվում է, և որևէ մեկը սեղմում է ձեր գովազդի վրա, նա հայտվում է ձեր կայքի այն էջում, որը դուք նշել եք այդ գովազդում: Գործընթացը սակայն սկսվում է ավելի վաղ, երբ որոնման հարթակը աճուրդի միջոցով, գնահատում է, թե ո՞ր գովազդը ցուցադրի, երբ որևէ կոնկրետ թեմայով որոնում է կատարվում:
Աճուրդի ժամանակ հաշվի է առնվում այն գումարը, որը դուք պատրաստ եք վճարել, ինչպես նաև ձեր գովազդի տեղին լինելը տվյալ որոնողի համար, ձեր օգտագործած բանալի բառերը (keywords), այն էջի որակը, ուր ՙՙժամանում է՚՚ որոնողը (landing page), երբ սեղմում է ձեր գովազդի վրա և այլ գործոններ:
Իսկ ո՞րն է ավելի արժեքավոր բիզնեսների համար՝ SEO-ն, թե՞ PPC-ն: Սա կախված է բազում գործոններից.
– Ձեր օգտագործած բանալի բառերից (keywords) և թե որքանով են դրանք տեղին ամեն կոնկրետ դեպքում
– Յուրաքանչյուր բանալի բառի աճուրդային գումարից (bid)
– Ձեր բիզնեսի տեսակից՝ այն տեղական, ռեգիոնալ, թե միջազգային է
– Ձեր ապրանքի կամ ծառայության տեսակից ու գներից
– Որքան ժամանակ եք հատկացնում այս երկու տեսակի մարքեթինգից յուրաքանչյուրին
– Որքան հետաքրքրված հաճախորդ եք բերում, որոնք հետագայում դառնում են գնորդ:
Ձեր գովազդների որակի վրա մեծապես ազդում են բանալի բառերի ընտրությունը, գովազդի տեքստի որակը, ձևաչափերը, ՙՙժամանելու՚՚ էջի (landing page) որակը, գործողության դրդելու կոճակը (Call-to-Action) և արդյունքներին մշտապես հետևելը:
Ի՞նչն է կարևոր բիզնեսների համար, երբ նրանք գովազդ են տեղադրում. Բջջային սարքերի վրա որոնումը ամենակարևորն է տեղական բիզնեսների համար: Այդպիսի որոնումների շատ մեծ տոկոս իրականացվում է հենց փողուցում քայլելիս և մարդկանց տանում է դեպի ՙՙդռնից ներս՚՚, այսինքն նրանք հենց այդ պահին, տեղում, որոշում են կայացնում ձեր բիզնես այցելելու մասին:
Ամենաշատ բջջային որոնումներն իրականացվում են հետևյալ թեմաներով.
– Ռեստորաններ
– Զվարճանքի վայրեր
– Մանրածախ առևտրի կետեր
– Սննդի խանութներ
– Ճամփորդական գործակալություններ
– Ավտոմեքենաների պահեստամասեր
– Առողջության և գեղեցկության ոլորտի բիզնեսներ:
Եթե նայենք այն ցուցանիշին, թե գովազդը քանի անգամ է ցուցադրվել, համեմատած, թե քանի անգամ են դրա վրա սեղմել (անգլերեն դա կոչվում է Click through rate – CTR), ապա վիճակագրության համաձայն այդ ցուցանիշը շատ բարձր է բջջային սարքերի վրա այն դեպքերում, երբ, օրինակ, մարդիկ գործ ունեն արդեն ճանաչված բրենդի հետ կամ առաջարկների ու զեղչերի դեպքում:
Վճարովի գովազդի հաջողության ՙՙգաղտնիքը՚՚ նրանում է, որ մի քանի բան պետք է լավ իրականացվի:
– Առաջին հերթին, հարկավոր է սովորել, թե ինչպես գովազդները ճիշտ սարքել և ճիշտ տեղադրել: Սրա համար որոնման հարթակները շատ նյութեր են տեղադրում: Մորգան ընկերության Թվային մարքեթինգի օնլայն դասընթացի միջոցով, կարող եք սովորել Գուգլում և Ֆեյսբուքում վճարովի գովազդ ստեղծելու և հաջողությամբ աշխատեցնելու գաղտնիքները:
– Նորից ու նորից ուսումնասիրեք ձեր բանալի բառերը, տեսեք, թե որոնք են լավ աշխատում:
– Ուսումնասիրեք ուրիշների փորձը, շատ նյութեր կարդացեք:
– Սովորեք, թե ինչպես վերլուծել արդյունքները, ինչ դասեր քաղել դրանցից, ինչպես բարելավել գովազդները:
– Սովորեք, թե ինչպես ստեղծել արդյունավետ ՙՙժամանելու՚՚ էջեր ձեր կայքում (բովանդակությունը, էջի շարվածքը, գույները, պատկերները, առաջարկները, գործողության դրդելու կոճակները՝ Call-to-Action), հաճախակի շտկումներ արեք և ստուգեք արդյունքները, որպեսզի ձեր գովազդների արդյունավետությունը առավելագույնի հասցնեք:
– ՙՙԺամանելու՚՚ էջերի բովանդակությունը պետք է մեծապես տեղին լինի այն բանալի բառերի համար, որոնք գովազդում օգտագործվել են տվյալ էջ ուղղորդելու համար: Հակառակ դեպքում, մարդիկ արագ կլքեն ձեր կայքի այդ էջը, և դրա վարկանիշը շատ արագ կընկնի:
Վճարովի գովազդը ՙՙճամփորդություն է՚՚, այլ ոչ թե ՙՙժամանման վայր՚՚: Հիմնական ՙՙգաղտնիքն՚՚ այն է, որ շարունակ հարկավոր է սովորել, հետազոտել, չափել, բարելավել և այնուհետև այս ողջ գործընթացը նորից ու նորից կրկնել:
Ժամանելու էջերի օպտիմիզացիա (Landing Page Optimization)
Եթե նկատեցիք, նախորդ հատվածում շատ հաճախ կրկնվում էր մեկ տերմին՝ ՙՙժամանելու՚՚ էջեր (landing pages): Հաշվի առնելով այս հասկացության կարևորությունը, մի փոքր ավելի մանրամասն նայենք, թե բիզնեսներն ի՞նչ սխալներն են ամենից ավելի հաճախ թույլ տալիս այս էջերը սարքելիս և ինչո՞ւ դրանք կարող են ՙՙսպանել՚՚ ձեր արշավի հաջողությունը:
Չափից դուրս շատ տեքստ գրելը էջում. մարդիկ ինտերնետում ոչ թե կարդում, այլ ՙՙաչքի են անցկացնում՚՚: Նրանք, առաջին հերթին, տեսնում են պատկերները, վերնագրերը և թվարկումները՝ bullet points: Դուք, որպես բիզնես, ունեք 2-8 վայրկյան, նախքան նրանք կորոշեն՝ լքե՞լ ձեր էջը և կայքը, թե՞ մնալ այնտեղ:
Իսկ որքա՞նն է տեքստի ճիշտ չափը: Կախված է ձեր բիզնեսից և ձեր կոնկրետ առաջարկից:
Սխալով ավարտվող էջեր, չաշխատող հղումներ՝ լինքեր, այլ չաշխատող բաներ. ոչ մի բան այնքան չի գցում կայքի վարկանիշը, որքան չաշխատող էջերը: Իսկ ավելի վատ է, երբ չեն աշխատում ՙՙժամանելու՚՚ էջերը, քանի որ ի տարբերություն մնացած էջերի այս էջերը ուղղակիորեն պետք է տանեն դեպի վաճառք: Իսկ այն, ինչը կոտրված է, դառնում է փակուղի:
Պարտադիր դաշտերը ձևաչափերում. Հաճախորդները չեն սիրում անձնական տվյալներ տրամադրել, վախենալով, որ կհայտնվեն ևս մեկ մարքեթինգային ցուցակում: Այդ պատճառով, պարտադիր արեք միայն այն տվյալները լրացնելը, որոնք իրոք ձեզ անհրաժեշտ են: Եթե այդ մարդիկ ձեր առաջարկով իրոք հետաքրքրվեն, դուք դեռ շատ ժամանակ կունենաք նրանցից լրացուցիչ տեղեկություն խնդրելու: Որպես կանոն, որքան քիչ ուզեք, այնքան շատ կստանաք:
Տեղեկությունների գաղտնիության քաղաքականությունը. Քիչ մարդ է իրոք կարդում կայքերի գաղտնիության քաղաքականության վերաբերյալ տեքստը, սակայն, եթե այդպիսի տեքստ կայքում չունենաք, մարդիկ ձեզնից կխուսափեն: Այնպես տեղադրեք, որ երբ ցանկանան, կարողանան հեշտությամբ գտնել:
Ձեզ հետ կապ հաստատելու հնարավորության բացակայությունը. Յուրաքանչյուր մարդ իր նախընտրած կապի ձևն ունի: Որոշ մարդիկ սիրում են մարդկային շփումը հեռախոսով, մյուսները գերադասում են անանուն չաթերը: Կան մարդիկ, ովքեր սիրում են ուղղակի ձևաչափ լրացնել ու ուղարկել:
Վիճակագրության համաձայն, հեռախոսի համար տրամադրելը ձեր կայքում ավելացնում է ձևաչափ լրացնելու տոկոսը, պարզապես, որովհետև հեռախոսահամարը ավելացնում է վստահությունը բիզնեսի նկատմամբ:
Առաքելու և գների մասին ոչ բավարար տեղեկությունները. Երբ հարցը վերաբերում է փողին, ոչ ոք անկնկալներ չի սիրում: Եթե ձեր նշած գումարը ՙՙվերջնական՚՚ գումարը չէ (ներառյալ հարկերն ու առաքումը), ձեզ պարզապես կլքեն:
Տարբեր ուղղություններով չափից դուրս շատ հղումներ ունենալը կայքում. Երբ մարդկանց ընտրության շատ տարբերակներ եք առաջարկում, դուք նրանց շփոթության մեջ եք գցում: Նրանք կարող են ձեզ լքել, քանի որ շատ տարբերակները հիմնական թեմայից շեղում են: Այնպես արեք, որ մարդիկ մնան կենտրոնացած ձեր առաջարկի վրա:
Ահա մի քանի հարց, որոնք կօգնեն ձեր ՙՙժամանելուՙՙ էջերը լավացնել. Էջի վերնագիրը համապատասխանո՞ւմ է գովազդում նշվածին; կարո՞ղ է միջին հաճախորդը 5-10 վայրկյանում հասկանալ, թե էջն ինչի մասին է; էջում օգտագործված պատկերը խոսո՞ւմ է արդյոք ձեր առաջարկի մասին; գործողության դրդելու կոճակը ակնհա՞յտ է; ձեր ՙՙժամանելու՚՚ էջը պրոֆեսիոնալ տեսք ունի՞ արդյոք; ձեզ հետ կապ հաստատելու միջոցներ տրամադրում ե՞ք:
Ավելի շատ ՙՙգաղտնիքներ՚՚ ներկայացնում ենք հաջորդ հոդվածներում և Մարքեթինգի օնլայն դասընթացին:
Շարունակելի…