Ինչը կօգնի ձեր բովանդակությունը ավելի հաճախ ցույց տալ որոնողներին
Ի՞նչ է վեբկայքի օպտիմիզացիան
Ի՞նչ են անում մարդիկ, երբ ցանկանում են ինչ-որ բան փնտրել, գտնել կամ տեղեկություն ստանալ: Որոնում են Գուգլում կամ մեկ այլ որոնման հարթակում (անգլերեն search engine):
Երբ որոնման էջում հայտնվում են արդյունքներ՝ կայքերի հասցեներ, մարդիկ սովորաբար նայում են առաջին մի քանի հատը, մտածելով, որ ամենավերևում հայտնվածները պետք է որ ավելի լավը լինեն մյուսներից:
Այդ պատճառով, նույն թեմային նվիրված կայքերը մրցակցության մեջ են միմյանց հետ՝ որոնման էջում ավելի վերևում երևալու համար:
Իսկ սա նշանակում է, որ եթե դուք ցանկանում եք, որ մարդիկ ձե՛ր գրածը գտնեն ու կարդան, ապա դուք ձեր կայքում պետք է անեք որոշակի քայլեր, որպեսզի Google-ը համարի, որ ձեր կայքը նույն թեմայով բազում այլ կայքերից ավելի լավն է:
Դա կոչվում է որոնման համակարգի համար օպտիմալացնել ձեր կայքը՝ Search Engine Optimization-ը (SEO): Դա մի գործընթաց է (սովորաբար ոչ այնքան արագ), որի ընթացքում ձեր կայքը բերում եք այնպիսի վիճակի, որ երբ մարդիկ այնպիսի բան որոնեն, որը դուք ունեք ձեր կայքում, Գուգլը ձե՛ր կայքը գտնի և ցույց տա որոնողին:
Իսկ ինչ է հարկավոր անել, որպեսզի ձե՛ր կայքը արժանանա ավելի վերևում ցուցադրվելուն: Այս ուղեցույցում մենք ներառել ենք մի քանի գործոն, որոնք օգնում են, որ ձեր կայքը որոնումներում ավելի բարձր դիրք ունենա:
Ի՞նչն է գուգլը համարում լավը իր հաճախորդների՝ այսինքն օգտատերերի տեսակետից
Եկեք նայենք, թե ո՞ր գործոններն է գուգլը համարում լավը իր հաճախորդի տեսակետից:
Ոչ ոք ձեզ ճշգրիտ չի կարող ասել, թե որոնք են այն 200-ից ավելի գործոնները, որոնք Գուգլն օգտագործում է, որպեսզի որոշի ձեր վարկանիշը՝ ranking-ը. դրանք ոչ միայն գաղտնի են պահվում, այլ նաև պարբերաբար փոփոխության են ենթարկվում, որպեսզի չչարաշահվեն անբարեխիղճ կայքերի կողմից: Այդ հաշվարկելու եղանակները կազմում են այսպես կոչված Գուգլի ալգորիթմների մի մասը:
Սակայն որոշ գործոններ հայտնի են, և Գուգլն ինքն ընդգծում է դրանց կարևորությունը ձեր վարկանիշը հաշվարկելու համար: Հենց դրանք էլ մենք կդիտարկենք:
Եվ այսպես, ամենակարևոր գործոնները ձեր կայքի վարկանիշի համար.
– Կայքի անվտանգ լինելը (HTTPS vs. HTTP) – սա վճարովի ծառայություն է, որը լավ կլինի ձեռք բերեք: Երբ կայքի անվտանգություն չունեք, մարդիկ կայքի հասցեի կողքին տեսնում են not secure գրառումը և կարող են խուսափել ձեր կայք մուտք գործելուց:
– Էջերը բեռնվելու արագությունը – որքան ավելի լավ որակի նկարներ օգտագործեք ձեր կայքում, այնքան գեղեցիկ կլինի, սակայն արագությունը կիջնի, հետևաբար հարկավոր է հարմար բալանս գտնել որակի և արագության միջև, այստեղից էլ հաջորդ կետը:
– Օպտիմիզացված նկարները – նկարների չափսը չպետք է հսկայական չլինի և նկարների ֆայլերի անվանումները պետք է իմաստալից լինեն, որոնցից էլ Գուգլը կհասկանա, թե ինչի մասին է նկարը: Սա մի փոքր ավելի մանրամասն ներկայացված է այս “Ինչպես օպտիմիզացնել ձեր կայքը Google-ի համար, ինչը կօգնի ձեր բովանդակությունը ավելի հաճախ ցույց տալ որոնում կատարողին” հոդվածում:
– Բջջային սարքերի համար հարմարվածությունը՝ mobile friendly – օգտատերերի 60-ից տոկոսից ավելին ձեր կայքը նայում են ո՛չ թե համակարգչի, այլ բջջային սարքերի վրա, հետևաբար կարևոր է, որ ձեր կայքը լավ դիտվի դրանց վրա:
– Կայքի էջերի բովանդակության որակը – առանց կրկնությունների, պարզ, ընթեռնելի, տեղին ու որակյալ նյութ գրեք կայքում. մոռացեք, թե ինչ էր պահանջվում ձեր լեզվի դասերին և մի ծանրաբեռնեք տեքստը ավելորդ ածականներով և անտեղի գովազդային բառերով: Ընդհանուր կանոնը համացանցում տեքստեր գրելու համար հետևյալն է. եթե որևէ բառ կամ արտահայտություն կարելի է հանել, և տեքստի իմաստը դրանից չի տուժի, ապա անպայման հանեք:
– Բովանդակության օպտիմիզացիան` keywords – սրանք Գուգլին հուշում են, թե ինչի մասին է ձեր կայքը: Սրանց ընտրությանը ավելի մանրամասն անդրադարձել ենք այս հոդվածում:
– Կայքի տեխնիկական օպտիմիզացիան՝ – headings, meta tags՝ վերնագրերը և կարճ տեքստերը, որոնք որոնք որոնողները տեսնում են ձեր կայքի մասին՝ Գուգլի որոնման էջում: Սրանց ընտրությանը ավելի մանրամասն անդրադառնում ենք նույն հոդվածում:
– Օգտատերերի զգացողությունները ձեր կայքում` user experience – որքանով է օգտատերերի համար հեշտ գտնել ու կարդալ այն, ինչի համար իրենք եկել են ձեր կայք:
– Սոցիալական սիգնալները` social signals – որքան ակտիվ եք սոցցանցերում և արդյոք հավանում են մարդիկ ձեր էջերը սոցցանցերում:
– Որակյալ հղումներ ունենալը` links – կա՞ն արդյոք այլ կայքերում հղումներ դեպի ձեր կայք, որոնք Գուգլին կհուշեն, որ դուք էքսպերտ եք ձեր բնագավառում և այլ կայքերում խոսվում է ձեր մասին:
– Դոմեյնի տարիքը` domain age – եթե դոմեյնը՝ օրինակ՝ www.ձերկայքիհասցեն.am նոր եք ձեռք բերել, ապա Գուգլը համարում է, որ դեռ նոր եք և դեռ ճանապարհ ունեք անցնելու: Եթե հետևողականորեն աշխատեք ձեր կայքի որակի վրա, Գուգլը դա ժամանակի հետ կգնահատի:
– Բիզնեսի մասին իրական տեղեկություններ լինելը – սա հուշում է, որ բիզնեսն իրապես գոյություն ունի, հասցե, հեռախոս ունի և որ ինտերնետային ներկայության հետևում իրական մարդիկ են կանգնած, ում օգտատերերը կարող են դիմել խնդիր առաջանալու դեպքում:
Թե ինչ են սրանք և ինչ քայլեր են անհրաժեշտ ձեր կայքը օպտիմիզացված վիճակի բերելու՝ SEO–ի համար, կարող եք կարդալ այստեղից ներբեռնելով ամբողջական հոդվածը PDF ֆորմատով: Այստեղ ներառված են նաև SEO–ի թեմայով վարժություններ, որոնք ինքնուրույն կարող եք անել: