ՙՙԻնչ անել՚՚ և ՙՙինչ չանել՚՚ սոցցանցերում
Որպեսզի սոցցանցերում ներդրած ձեր ջանքերը արդյունք բերեն ձեր բրենդին, հետևեք այս մի քանի ՙՙինչ անել՚՚ և ՙՙինչ չանել՚՚ կետերին:
ՙՙԻնչ անել՚՚
1. Մտածեք նախքան մի բան գրառելը
Այն ինչ գրում եք ձեր անձնական էջերին կարող է ազդել այն բանի վրա, թե մարդիկ ինչպես են վերաբերվում ձեր ընկերությանը: Որևէ բան գրառելուց առաջ լավ մտածեք, թե արդյո՞ք այն չի վերաբերվում ՙՙթեժ՚՚ թեմաներից մեկին՝ կրոնին, քաղաքականությանը, սեռերին, քանի որ այդ գրառումը կարող է ազդել հաճախորդների, մատակարարների և այլ բիզնես գործընկերների հետ ձեր հարաբերությունների վրա:
2. Ձեր ձայնը լսելի դարձրեք
Ձեր բլոգում և սոցցանցերում, թույլ տվեք, որ ձեր ընթերցողները տեսնեն ձեր անձնական գծերը: Շատ մարդիկ որևէ բլոգերի հետևում են, որովհետև իրենց դուր է գալիս, թե այդ բլոգերը ինչ է ասում և հատկապես՝ ինչպես է ասում դա: Կիսեք ձեր մտքերը և այնպիսի խոսակցական ոճ ընտրեք, որ ընթերցողին գրավի:
3. Իրական եղեք
Ցույց տվեք ձեր ընթերցողին, որ ձեր լոգոյի ետևում մարդ է կանգնած: Այդ դեպքում մարդկանց ավելի հեշտ կլինի կապ հաստատել ձեր բրենդի հետ:
Եղանակներից մեկը. կարելի է ներկայացնել թիմի անդամներին, ՙՙկուլիսների ետևում՚՚ տեսանյութ ցույց տալ, կամ լուսանկարներ տեղադրել: Ցույց տվեք նաև ձեր ղեկավարի դեմքը: Այդ կերպ ձեր բրենդն ավելի հեշտ ձեռք կբերի վստահություն և հավատարիմ հաճախորդներ:
4. Իրատեսական սպասումներ ունեցեք
Հստակ գիտակցեք, որ սոցիալական մեդիան միայնակ չի կարող ավելացնել ձեր վաճառքները:
Այո, այն կարող է ավելացնել ձեր բրենդի ճանաչելիությունը, մարդկանց ձեր մասին տեղյակ պահել և մեծացնել ձեր բիզնեսի տեսանելիությունը: Սակայն, ձեր ընկերության հաճախորդների ձեռքբերման և եկամուտների աճի վրա ազդում են շատ այլ գործոններ:
Օրինակ, ձեր վեբկայքի արդյունավետությունը, ձեր ապրանքների ու ծառայությունների որակը, ձեր վաճառքի թիմի հմտություններն ու հաճախորդների սպասարկումը: Որպեսզի սոցցանցերում հաջող լինեք, պետք է ուշադրություն դարձնեք ձեր բիզնեսի բոլոր կողմերին միաժամանակ:
5. Գրեք ձեր ընթերցողների համար
Կենտրոնացրեք ձեր բովանդակությունը այնպիսի բաների վրա, որոնք օգտակար կլինեն ձեր ընթերցողներին և գրենք այնպես, որ նրանց հասկանալի լինի: Բովանդակությունը պարզ մատուցելը չի նշանակում պարզունակ գրել չհասկացողների համար, բայց դուք պետք է հնարավորինս խուսափեք տեքստը ավելորդ բարդացնելուց:
6. Անձնականացրեք ձեր շփումը
Հաճախորդները մեր ժամանակներում ակնկալում են, որ բրենդերը պետք է իրենց ակցիաները և արշավները հարմարեցնեն հաճախորդի հետաքրքրություններին ու կարիքներին: Մտածեք թիրախավորված գովազդի և վերա-թիրախավորման (retargeting) արշավների մասին սոցցանցերում և մատուցեք ձեր ընթերցողին անձնականացված բովանդակություն և առաջարկներ:
ՙՙԻնչ չանել՚՚
1. Գլուխ մի դրեք ատելություն սերմանողների, տրոլլների և այլ բացասական ազդեցություն ունեցողների հետ
Նրանց հետ կռվի բռնվելը եղել է և միշտ կլինի անհույս տարբերակ՝ միշտ էլ տանուլ կտաք: Եթե այդպես վարվեք, կվատնեք ձեր ժամանակը, էներգիան և ստեղծագործ միտքը, որը դուք կարող էիք օգտագործել ձեր բրենդի համար և ձեր հաճախորդներին լավ սպասարկելու համար:
2. Մի փորձեք լինել ամենուր և անել ամեն ինչ
Ոչ բոլոր սոցիալական հարթակները կարող են արդյունք բերել ձեր բիզնեսին: Եթե փորձեք լինել բոլոր հարթակներում, կվատնեք ձեր ջանքերը և կկորցնեք ձեր արդյունավետությունը: Եղեք ակտիվ միայն այնտեղ, որտեղ ձեր ժամանակի ու ջանքերի դիմաց ամենամեծ արդյունքն եք ստանում:
3. Առանց լավ խմբագրելու մի տեղադրեք գրառումը
Եթե գրառումների քերականությունն ու տառասխալները լավ չխմբագրեք, այդ անփութությունը կանդրադառնա ձեր բրենդի վրա: Նախքան պոստը տեղադրելը մանրամասն ստուգեք: Տեղադրելուց հետո նորից ստուգեք, որովհետև երբեմն հենց այդ ժամանակ են ի հայտ գալիս այն սխալները, որոնք չէիք հայտնաբերել մինչ այդ:
4. Մի արհամարհեք ձեր հետևորդների հարցերը, դիտողությունները և ուղերձները
Ձեր լսարանն արհամարհելը կարող է վիրավորել նրա զգացմունքները և կարող է վնաս բերել ձեր բրենդին: Ուշադիր հետևեք սոցցանցերի ձեր էջերին և արագ արձագանքեք ձեր հետևորդներին:
5. Մարդկային շփումը մի փոխարինեք արհեստական ինտելեկտով
Մարքեթինգի ավտոմատացումը խնայում է ձեր ժամանակը, սակայն մի օգտագործեք այն սոցցանցերում անձնական հաղորդակցությունը փոխարինելու համար: Ձեր հետևորդները ցանկանում են ձեր բրենդի հետ հարաբերություններ կառուցել, ինչը հնարավոր է միայն այն դեպքում, եթե դուք անկեղծորեն ներգրավված լինեք այդ հարաբերություններում:
6. Չափից դուրս շատ մի կենտրոնացեք ձեր մրցակցության վրա
Ձեր մրցակիցներին ուշադիր հետևելը կարևոր է, բայց ձեր բիզնեսի համար առավել կարևոր է, որ դուք ձե՛ր բիզնեսը կառուցեք և ձեր հաճախորդներին հրաշալի սպասարկեք: Ավելի լավ է կառուցեք ձեր բրենդի եզակի առանձնահատկությունները, քան թե լինեք ինչ-որ մեկի կրկնօրինակը: