Որոնց ամեն բիզնես պետք է ծանոթ լինի
Տեխնոլոգիաները և ինտերնետը ամբողջովին փոխել են աշխարհը: Աշխարհի ամենամեծ ընկերությունները՝ Apple, Google, Facebook, Microsoft, Samsung, փոխել են ինտերնետի և միմյանց հետ մեր շփվելու եղանակները:
Այս նոր աշխարհում, ամեն ինչ տարբեր է: Ցանկանում ենք մենք դա, թե ոչ, մենք այժմ ապրում ենք թվային աշխարհում, որտեղ գովազդի ավանդական մեթոդներն այլևս չեն գործում:
Իհարկե, մենք էլի շարունակում ենք դիտել հեռուստացույց և լսել ռադիո, բայց այն գովազդները, որոնք մենք այդ լրատվամիջոցներով տեսնում ենք, թիրախավորված չեն և մեզ են հասնում մեր գնում կատարելու ցիկլից դուրս:
Այն պատկերացումը, թե մարդը տանը նստած հեռուստացույց է դիտում և մեկ էլ հանկարծ դուրս է վազում տնից, որպեսզի գնի մի բան, որը հենց նոր, հենց այդ պահին գովազդում տեսավ, այլևս ճիշտ չէ:
Ժամանակակից գնում կատարելու գործընթացը ճիշտ պատկերացնելու համար, պատկերացրեք հաճախորդի, որը կանգնած է խանութում և իր բջջային սարքի մեջ որոնում է տեղեկություն այն բանի մասին, ինչը հենց այս պահին իր ձեռքում է գտնվում:
Թվային մարքեթինգը նոր է և մի քիչ վախեցնող: Երբ ինտերնետը նոր էր, շատ բիզնեսներ հայտարարում էին, թե դա մի հերթական հսկայական փուչիկ է, և իրենք վեբկայքի կարիք չունեն: Այժմ երբ այդ նույն բիզնեսները օնլայն են, նրանց ասում են, որ իրենք պետք է օգտագործեն սոցցանցեր, բջջային սարքերով մարքեթինգ և վճարեն Գուգլին ամեն անգամ, երբ մեկնումեկը սեղմում է իրենց գովազդի հղումին և այցելում իրենց վեբկայք:
Այս ամենը շատ շփոթեցնող կարող է լինել: Եվ իրոք, շատ բիզնեսներ այդ պատճառով ընտրել են գլուխներն ավազի մեջ խոթելը, թվային մարքեթինգի խնդիրներին դիմակայելու փոխարեն: Սակայն, նրանք, որոնք ավելի խորաթափանց են, հսկայական հնարավորություն են տեսել և հաջողությամբ օգտագործում են այդ հնարավորություններն իրենց օգտին:
Թվային մարքեթինգն ամենուր է: Որքան բիզնեսը կարողանա մեծացնել և ուժեղացնել իր առցանց ներկայությունը, այնքան ավելի լավ:
Այս մասում ներկայացնում ենք թվային մարքեթինգի ՙՙհիմնական գործող անձերին՚՚, իսկ հաջորդական մասերում կներկայացնենք որոշ գաղտնիքներ յուրանքանչյուրի մասին:
1. Ընդհանուր թվային ՙՙպատկերը՚՚
Բիզնեսների սեփականատերերն ու ձեռնարկատերերը սկսում են գիտակցել օնլայն ներկայության կարևորությունն ու արժեքը: Եվ, չնայած, որ սա իրոք լուրջ առաջնթաց է մարքեթինգի բնագավառում, որոշ բիզնեսներ այնքան են շտապում հայտնվել առցանց, որ մինչև վերջ չեն մտածում իրենց ռազմավարությունը:
Թվային բնագավառ մուտք գործել և ՙՙթվային դառնալ՚՚ միայն հանուն վեբկայք ունենալու և սոցցանցերն օգտագործելու, առանց նպատակներ ու ռազմավարություն ունենալու, հարցի լուծում չէ: Իրենք իրենցով, և սխալ ձեռքերում, այդ միջոցները հաճախ սխալ են օգտագործվում և օգուտ չեն բերում:
Առաջին ՙՙգաղտնիքը՚՚ կայանում է նրանում, որ ինտերնետ մարքեթինգը պետք է համապատասխանի ձեր բիզնես նպատակներին և ունենա համապատասխան ռազմավարություն:
Թվային ՙՙթագավորական ընտանիքը՚՚
Գոյություն ունեն թվային մարկեթինգի չորս հիմնական կողմեր, որոնք երբեմն պատկերավոր կոչում են ՙՙթվային թագավորական ընտանիք՚՚: Դրանք հաջող թվային մարքեթինգի արշավների հիմնաքարերն են: Հենց սրանք են այն բնագավառները, որոնք յուրաքանչյուր ձեռնարկատեր պետք է լավ իմանա, որպեսզի հաջողի թվային դարում:
– Բովանդակությունը դեռ շարունակում է լինել ՙՙթագավոր՚՚. Չնայած, որ ՙՙքոնթենթը թագավոր է՚՚ (Content is King) արտահայտությունը այնքան հաճախ է օգտագործվում, որ կլիշեի է վերածվել, այն ավելի, քան երբևէ, ճշմարիտ է:
Բովանդակությունը շարունակում է մնալ թվային մարքեթինգի կենսական ուժը: Առանց բովանդակության, ամեն տեսակի ռազմավարություններն ու տակտիկական քայլերը անօգուտ են:
Եվ ուրեմն, ի՞նչ է բովանդակությունն իրականում: Ինտերնետում, ցանկացած թվային բան բովանդակություն է. վեբկայքի տեքստերը, բլոգի պոստերը, ինֆոգրաֆիկան, նորությունների թերթիկները, հետազոտությունները, արշավները, տեսանյութերը, վեբ և բջջային հավելվածները:
Ցանկացած բան, որ ստեղծված է հանդիսատեսին արժեք տրամադրելու համար, լինի դա տեղեկություն, թե զվարճալիք, հանդիսանում է բովանդակություն:
Ինտերնետը լիքն է միջակ որակի բովանդակությամբ, ինչն առավել կարևոր է դարձնում այնպիսի բովանդակություն ստեղծելը, որը հստակ ռազմավարություն ունի: Այնպիսի ռազմավարություն, որն իր հերթին հիմնված է կոնկրետ նպատակների ու ակնկալիքների վրա:
– Թվային գովազդը ՙՙթագուհին՚՚ է. Թվային մարքեթինգի հիերարխիայում, հաջորդը թագուհին է՝ թվային գովազդը: Թվային գովազդի վրա ծախսվող գումարները ամեն տարի 15 տոկոսով աճում են՝ անկախ աշխարհագրական վայրից: Բիզնեսները չեն կարող արհամարհել այս փաստը և այդպիսով դուրս մնալ մրցակցությունից:
– Բջջայինը ՙՙարքայազնն՚՚ է. Երբ խոսքը հասնում է երեխաներին, ամեն ինչ մի փոքր ավելի խառնաշփոթ է դառնում: Քանի որ նրանք ավելի ՙՙջահել՚՚ ու անկանխատեսելի են: Սակայն, նրանց հնարավորություններն անվերջ են և համեմատաբար դեռ պակաս օգտագործված:
Բոլոր կարգի հետազոտություններն ասում են, որ բջջային սարքերը գերակշռում են, և այդ միտումը շարունակվելու է: Քանի որ մարդկիկ ավելի շատ են տեղեկություններ փնտրում իրենց ավելի ու ավելի խելացի դառնող բջջային սարքերում, բջջային մարքեթինգը ավելի մեծ դերակատարում է ստանում թվային մարքեթինգում:
Քանի որ բջջային անընդհատ աճում է, կարծիք կա, որ այն դառնալու է հաջորդ ՙՙթագավորը՚՚:
– Սոցցանցը ՙՙարքայադուստրն է՚՚. Ընտանիքի ՙՙգեղեցկուհին՚՚ անշուշտ սոցցանցն է: Այն չի վախենում ռիսկերից ու փոփոխություններից, և չնայած որ խելագար արագությամբ է փոփոխվում և այդ փոփոխություններին հարմարվելն իրոք հեշտ չէ, բիզնեսները չեն կարող արհամարհել դրա կարևորությունը:
Շատ բիզնեսներ լավ չեն հասկանում սոցցանցերի օգտագործման եղանակները: Անհրաժեշտ է գտնել և ճիշտ հասկանալ, թե ինչն է աշխատում ամեն կոնկրետ բիզնեսի դեպքում:
Թվային մարքեթինգի կառուցվածքը. Այժմ երբ ծանոթացանք ՙՙընտանիքի բոլոր անդամներին՚՚, ժամանակն է տեսնել, թե դրանք ինչպես են աշխատում:
Բովանդակությունը, գովազդը, բջջայինը և սոցցանցերը ձեր թվային մարքեթինգի հիմնաքարերն են, սակայն ինչի՞ վրա են դրանք հիմնվում:
Այդ հիմքը կոչվում է թվային մարքեթինգի կառուցվածք: Դա վեց քայլերից բաղկացած պրոցես է. պարզել, վերլուծել բիզնեսի առցանց նպատակները, կառուցել, իրականացնել, չափել և կառավարել արդյունքները:
– պարզել. սա ամենաերկար փուլն է և ներառում է նպատակները սահմանելը, ռազմավարություն և տակտիկա ընտրելը, նոր հնարավորություններ գտնելը և թիրախներ ու չափանիշներ սահմանելը
– վերլուծել բիզնեսի առցանց նպատակները. սա ներառում է երեք տեսակի տակտիկա՝ շուկայի սեգմենտացիա, հնարավոր գնորդի տիպային նկարագրություն և մրցակիցների վերլուծություն
– կառուցել. Հասկանալ, թե ինչպիսի ռեսուրսներ են անհրաժեշտ՝ ինչ կարժենա և ով կիրականացնի
– իրականացնել. այստեղ արդեն հարկավոր է կառուցել ողջ թվային գույքը և ակտիվացնել դրանք
– չափել. Շատերը նախորդ փուլից հետո համարում են իրենց աշխատանքն ավարտված, բայց իրականում այն նոր է սկսվում: Քանի որ այս քայլն է օգնում, որ ձեր թվային գույքը դրական արդյունքներ բերի
– կառավարել արդյունքները. Իսկ այս փուլում արդեն, հարկավոր է արդյունքները պարզելուց հետո նաև անհրաժեշտ փոփոխություններ կատարել, որպեսզի թվային մարքեթինգը օգուտ բերի:
Ի՞նչ է տալիս այս կառուցվածքը: Այս նկարագրված պրոցեսը իրականում կրկնվող ցիկլ է: Սա հատկապես կարևոր է, քանի որ թվային մարքեթինգի ցանկացած բաղադրիչ շարունակ փոփոխվում է և այն ինչ արդյունավետ է այս տարի, կարող է չաշխատել մյուս տարի, եթե չթարմացվի: Փոխվում է ինտերնետը, տեխնոլոգիաները, հաճախորդների վարվելակերպը և լավագույն եղանակները:
Այդ պատճառով էլ ստեղծվել է այս կրկնվող կառուցվածքի գաղափարը, որպեսզի ձեր թվային մեթոդները արդյունավետ լինեն:
Հաջորդ մասում ավելի մանրամասն այս ամենի մասին: