Ներկայացնում ենք սոցցանցերով մարքեթինգի թեմայով 3-րդ հոդվածը: Որպես բրենդ, ձեզ անհրաժեշտ է առաջին հերթին, կապ հաստատել ձեր հաճախորդների հետ, պահել նրանց ուշադրությունը և վերջիվերջո ձեռք բերել նրանց վստահությունը, հավատարմությունը և իհարկե համոզել նրանց գնումներ կատարել:
Գրավեք ձեր լսարանի ուշադրությունը հետաքրքիր գրելաոճով
Օրինակ, ՙՙՄենք հենց նոր թողարկել ենք արևային ակնոցների մեր նոր շարքը. ծանոթացեք դրանց հետ՚՚ նախադասության փոխարեն կարող եք գրել ՙՙՓոխեք ձեր մոտեցումը՝ փորձարկեք մեր արևային ակնոցների նոր երանգները // Նոր բաներ փորձարկելու համար միշտ էլ #քաջությունէպահանջվում՚՚:
Կամ էլ ՙՙԿարդացեք վազելու վերաբերյալ մեր լավագույն 26 խորհուրդները՚՚ տեքստի փոխարեն, ՙՙ26 խորհուրդ, որոնք այս ամառ ձեզ թույլ կտան վազել ավելի արագ և ավելի երկար՚՚:
Եվս մեկը. ՙՙՄեր հետազոտություններն ու հաշվարկները ցույց են տալիս, որ մեր օդորակիչը իջեցնում է ձեր տան օդի ջերմաստիճանը մոտ 10 աստիճանով: Մի՞թե սա հրաշալի չէ՚՚ արտահայտությունը փոխարինեք ՙՙՄեր թվերը ցույց են տալիս, որ մեր օդորակիչը ձեր տունը դարձնում է ավելի հով, նույնիսկ ամենաշոգ օրերին՚՚:
Ինչպիսի նկարներ օգտագործել
Մարդկանց նկարները (ի տարբերություն անշունչ օբյեկտների նկարների), հատկապես այնպիսի նկարները, որոնցում մարդիկ ժպտում են ու նայում լսարանի աչքերին, ավելի շատ ուշադրություն են հրավիրում և կարող են օգնել ավելի շատ հնարավոր հաճախորդ գրավել:
Անգամ եթե ձեր առաջարկած պրոդուկտը շոշափելի չէ, օրինակ, տվյալների հետ կապված կամ ֆինանսական ծառայություններ են, միևնույն է լավ կլինի փորձեք գոնե նկարների մի մասում մարդկանց ցույց տալ՝ օրինակ, ձեզ, ձեր հաճախորդներին կամ էլ թեկուզ պատահական մարդկանց:
Այս թեմայի հետ կապված ևս մի բան. հետազոտությունները ցույց են տալիս, որ էմոջիները կամ էմոտիկոնները շատ գրավիչ են և օգնում են լրացուցիչ հետաքրքրություն և զբացմունքներ առաջացնել: Դրանք օգնում են, որ մարդիկ ավելի շատ քոմենթներ գրեն, ավելի շատ լայք տան կամ տարածեն ձեր գրառումը:
Ինստագրամը նույնիսկ պարզել է, որ բոլոր նկարների և քոմենթների մոտ 50 տոկոսում առնվազն մեկ էմոջի ներառված է լինում: Այդ պատճառով, արժե փորձարկումներ անել ու գտնել, թե ձեզ ինչպիսի օգուտ կբերեն դրանք:
Շատ մի գովազդեք. փոխարենը արժեք տրամադրեք և հարաբերություններ կառուցեք
Սոցցանցերի օգտատերերի մեծ մասը Ֆեյսբուք, Թվիթեր կամ Պինտերեստ նրա համար չեն մտնում, որ գովազդ դիտեն: Նրանք գնում են այնտեղ ընտանիքի անդամների ու ընկերների հետ հաղորդակցվելու և զվարճանալու համար:
Եթե մարդիկ հավանում կամ հետևում են որոշ բրենդերի էջերի, դա անում են ավելի շուտ պատահական ազդակներից դրդված (հիշեք, թե ինքներդ քանի անգամ եք հենց այնպես սեղմել ՙՙlike՚՚ կամ ՙՙfollow՚՚ կոճակը): Եվ մեծ մասամբ մարդկանց համար հոգ չէ, թե դուք ինչ եք գրառում: Իրականում, չեք էլ կարող ակնկալել, թե բոլորը ձեր գրած ամեն ինչը տեսնելու են, եթե իհարկե ահավոր շատ փող չեք ծախսում վճարովի գովազդի վրա:
Եվ հետևաբար, ձե՛ր խնդիրն է, որ համոզեք մարդկանց, որ ձեր բիզնեսը դառնա իրենց ամենօրյա կյանքի մասը, և որ իրենք թույլ տան, որ շարունակեք երևալ իրենց նորությունների ժապավենի վրա:
Սա դուք պետք է անեք կառուցելով վստահության ու հավատարմության մթնոլորտ, բարյացակամ լինելով, լավ բովանդակություն ստեղծելով, օգնելով մարդկանց, երբ խնդիրներ ունենան և այլն: Իսկ երբեմն էլ, շատ հազվադեպ, կարող եք ձեզ թույլ տալ գրել գովազդային տեքտեր, որոնց ձեր լսարանը շատ դեմ չի լինի, եթե մնացած ամեն ինչը լավը լինի:
Եզրափակելով ասվածը. երբ գործ ունեք սոցցանցերի հետ, փոխեք ձեր մտածելակերպը ՙՙինչ կարող ենք վաճառել ձեզ՚՚-ից դեպի ՙՙինչպես կարող ենք ձեզ օգտակար լինել՚-ուն՚: Քանի որ, երբ մարդիկ ընտրում են, թե ինչ բրենդի հետևեն, նրանք իրենք իրենց հարցնում են. ՙՙինչ է այս բրենդը ինձ առաջարկում, ինչ եմ ես ստանալու՚՚:
Այսպիսով, պարզ է դառնում, որ սոցցանցերում հաջողության հասնելու համար անհրաժեշտ է զերծ մնալ կլիշեներից, անկեղծ հաղորդակցություն հաստատել և գրավել մարդկանց ուշադրությունը հետաքրքիր պատմություններով:
Մարդիկ, հատկապես երիտասարդները, չեն արձագանքում ՙՙմարքեթինգային՚՚ ոճին և արհարմարհում են գովազդային տեքստերը: Փոխանակ համոզելու փորձեր անելը, ավելի լավ է ցուցադրեք ձեր իսկական արժեքները և ձեր անձնական հատկանիշները, որոնք կարող են գրավիչ լինել ձեր լսարանի համար:
Քանի որ մրցակցությունը շատ է, իսկ օրգանական (ոչ վճարովի) հասանելիությունը շատ ցածր, չափազանց կարևոր է, որ ձեր բովանդակությունը ազդեցություն ունենա մարդկանց վրա անձնական և էմոցիոնալ մակարդակների վրա: Ամենաազդեցիկ էմոցիոնալ ազդակներն են. հումորը, զարմանքը, բարկությունը, անգամ ինքնահավանությունը (այնպիսի բաները, որոնք թույլ են տալիս, որ մարդը ընկերների հետ կիսվելով, ավելի լավն երևա իր ընկերներում աչքում):
Հենց որ սկսեք թափ հավաքել, մի շատ օգտակար վարժություն արեք. կանգ առեք, աչքի անցկացրեք ձեր վեջին 10 գրառումները և հարցրեք ինքներդ ձեզ. ՙՙի՞նչ արժեք եմ տրամադրում ես իմ լսարանին և ի՞նչ նպատակի եմ ծառայում՚՚: Եթե ձեզ չի հաջողվում հստակ պատասխան տալ այս հարցերին, ապա դուք պետք է վերանայեք ձեր ռազմավարությունը, որպեսզի ավելի լավ կարողանաք հասնել ձեր ուզած լսարանին, որը հիմա, առավել քան երբևէ, հասուն է և խելացի:
Ճիշտ ինչպես իրական կյանքում, սոցցանցերի հետևորդները իրենց ավելի համահունչ են համարում այն բրենդերը, որոնք կարողանում են սեր և վստահություն ներշնչել իրենց, քան նրանք, որոնք փորձում են ստիպել իրենց գնում կատարել: Ինչպես արդեն նշել էինք, ձեր բրենդը պետք է դառնա մի բան, որին սպասում են, այլ ոչ թե խոչընդոտ, որից իրենք կփորձեն ազատվել:
Այս ամբողջ լավ աշխատանքը իր դրական գործը կանի, և ձեր մասին լավ կարծիք կստեղծվի, ինչն էլ դանդաղորեն, բայց հաստատուն կերպով կվերածվի վաճառքների: