Շարունակում ենք սոցցանցերով մարքեթինգին նվիրված հոդվածների շարքը: Ի՞նչն է հաջողության գրավականը սոցցանցերում, ի՞նչ տեղադրել, ինչ ոճո՞վ գրել, ե՞րբ գրել և այլն: Այս շարքի առաջին հոդվածը կարդացեք այստեղ: Հետևեք մեր պոստերին հաջորդ հոդվածները կարդալու համար:
Իսկ այժմ երկրորդ հոդվածը:
Սոցցանցերի օրացույց ստեղծեք
Ամենադժվար խնդիրներից մեկը ընկերությունների համար հետևողականորեն որակյալ նյութ տեղադրել է իրենց հետևորդների համար: Եթե ընկերության էջերը սոցցանցերում լքված տպավորություն են թողնում, դա նույնն է, ինչ եթե իրական կյանքում լույսերն անջատած լինեք: Եթե ձեր օնլայն գրառումները դադարեցնում եք, մարդիկ եզրակացնում են, թե դուք ձեր բիզնեսն եք դադարեցրել:
Հետևողականությունը միշտ բերում է նրան, որ ձեր հետևորդները սկսում են սպասել ձեր հաջորդ գրառումներին ու ներգրավված մնալ: Հետևողականությունը նաև օգնում է ավելի ամուր հարաբերություններ հաստատելուն ձեր լսարանի հետ (այդ կերպ նրանք ավելի հաճախ են հետ վերադառնում ձեզ մոտ՝ ավելի շատ նյութ գտնելու համար):
Այս ամենը ճիշտ կազմակերպելու ամենալավ ձևերից մեկը սոցցանցերի համար օրացույց պահելն է: Եթե դուք նյութ ստեղծելու օրացույց ունենաք, դա ձեզ կօգնի ձեր գործերը պլանավորել մի քանի շաբաթ, կամ նույնիսկ մի քանի ամիս առաջ: Իսկ սա իր հերթին կօգնի պլանավորել ամենօրյա գրառումները սոցցանցերում և խուսափել անորակ գրառումներից, որոնք, հնարավոր է, արել եք միայն այն պատճառով, որպեսզի ինչ-որ բան գրած լինեք:
Բացի մեծ տոների, ասենք օրինակ Ամանորի համար պլանավորելուց, դուք կարող եք ստեղծել նվազ կարևոր տոների գրառումների նյութ, օրինակ Սուրբ Վալենտինի համար, երբ մարդիկ ակտիվ բաներ են փնտրում այդ օրվա համար՝ զեղչեր, միջոցառումներ, խորհուրդներ և այլն:
Մի բանով էլ է այսպիսի օրացույցը շատ օգտակար. այն օգնում է տեսնել ավելի մեծ պատկերը՝ ձեր ընկերության ավելի լայն ռազմավարությունը:
Իհարկե, անսպասելի ինչ-որ բաներ, միևնույն է, գրելու եք, բայց մարքեթինգի համար այդպիսի օրացույցը շատ ու շատ օգտակար է: Կարող եք, օրինակ, վարվել հետևյալ կերպ. բլոգ պոստ՝ երկուշաբթի, հարց ձեր հետևորդներին՝ երեքշաբթի, ինֆոգրաֆիկ պատկեր՝ չորեքշաբթի, մեջբերում՝ հինգշաբթի և այլն:
Տարբեր հարթակներում տարբեր նպատակներով օգտագործեք միևնույն նյութը
Այն ինչ իրական կյանքում կլիներ մեկ կտոր նյութ (ասենք, օրինակ՝ պրես ռիլիզ), սոցցանցերում կարելի է օգտագործել որպես 5 տարբեր տեսակի գրառում. բլոգ պոստ ստեղծեք, դրա մասին Թվիթերում գրառում արեք, վիդեո ստեղծեք, Ֆեյսբուք սթորի ստեղծեք, հետո դարձրեք դա ինֆոգրաֆիկա Պինտերեստի համար և այլն: Սա բովանդակություն ստեղծելու ֆանտաստիկ ռազմավարություն է, որը առավելագույնս է քաղում ձեր ստեղծած նյութից, մանավանդ, եթե ձեր ժամանակը կամ ռեսուրսները սուղ են:
Դադարեցրեք հաղորդակցվելու հին մեթոդները և ստեղծեք ՙՙսոցիալական՚՚ ոճ՝ գտեք ձեր ՙՙձայնը՚՚ սոցցանցերում
Սոցիալական ցանցերի հաջող ռազմավարությունը պահանջում է հենց դա՝ սոցիալական ռազմավարություն: Ժամանակին ռադիոն ու հեռուստատեսությունը լավ էին աշխատում, քանի որ միակողմանի հաղորդակցությունն էր այդ ժամանակների պահանջը՝ բրենդից սպառողին: Պատասխանելու կամ արձագանքելու հնարավորություն քիչ կար այն ժամանակ:
Այժմ սոցցանցերի առկայության շնորհիվ իրադրությունն այլ է: Այժմ հաղորդակցությունը երկկողմանի է, և ձեր ընկերությունը օրը 24 ժամ կարող է ուշադրության կենտրոնում լինել: Այս պարագայում, դուք ոչ թե պետք է խոսեք մարդկանց վրա, այլ մարդկանց հետ: Հետևաբար ձեր հաղորդակցության մեթոդն էլ պետք է լինի մարդկային մակարդակի վրա, պետք է խոսեք նրանց հետ որպես անձ, այլ ոչ թե որպես բրենդ և պետք է լսեք նրանց ասելիքը: Լսել ու ոչինչ չանելը մնացել է անցյալում: Սա ճիշտ է թե մեծ, թե փոքր բիզնեսների համար:
Այս պատճառով, ձեզ հարկավոր է որոշել ձեր ոճը՝ ձեր բրենդի ձայնը, որը պետք է համապատասխանի ձեր բրենդի հիմնական արժեքներին: Այդ հիմնական արժեքները բոլոր միջոցներով՝ գովազդով ու սոցցանցերի գրառումներով հայտնի դարձնելը, օգնում է ձեզ ստեղծել ճանաչելի և հետևողական ներկայություն վեբում: Իսկ այսպիսի ճանաչելիությունն ապահովում է, որ հաճախորդների համար ակնկալիքներ ստեղծեք ու օգնեք նրանց շարունակ վերադառնալ ձեզ մոտ:
Այն բրենդերը, որոնք հստակ սահմանում են իրենց սոցիալական ձայնը և հետևողականորեն պահում են այն, կարողանում են ճեղքել ինտերնետային ՙՙաղմուկը՚՚ և հստակ ուղերձ հաղորդել իրենց լսարանին, ինչն էլ վերջիվերջո ապահովում է հաճախորդների հավատարմությունը:
Ձեր բրենդին մարդկային դեմք և զգացմունքներ տվեք. պատմություններ պատմեք
Մարդիկ սոցցանցերն օգտագործում են այլ մարդկանց հետ հաղորդակցվելու համար: Այս պատճառով քանդեք ՙՙպատնեշները՚՚ և ձեր հետևորդներին ցույց տվեք ձեր ու ձեր աշխատակազմի դեմքը: Մի թաքնվեք լոգոյի հետևում: Եղեք թափանցիկ, բաց և իսկական: Իսկական լինելը հաճախ նշանակում է մի փոքր ավելի բաց լինել ձեր բիզնեսի մասին, քան դա սովորաբար արվում է:
Սակայն մի սահման կա, որից չպետք է անցնեք. եթե դուք շարունակ գրեք ձեր ներքին կոնֆլիկների կամ ձեր սիրային կյանքի մասին, այդ սահմանը հավանաբար կանցնեք: Հումորի զգացում դրսևորեք, ամենօրյա խոսակցական բառապաշար օգտագործեք և այլն: Եվ եթե իսկական, ոչ արհեստական լինելը ձեր հաճախորդներին մտերմացնում է ձեզ հետ, ապա նրանք ավելի մեծ հավանականությամբ կօգտագործեն ձեր նյութերը, կտարածեն դրանք և հենց ձեր ապրանքը կգնեն, երբ գնում կատարելու ժամանակը գա: Նրանք կգերադասեն ձեզ մյուս այն բրենդերին, որոնց հետ այդպիսի կապվածություն չունեն:
Անկեղծ ու մարդկային մոտեցումը, հատկապես, եթե այն պատմություն է պատմում, շատ հաջող տակտիկա է սոցցանցերով մարքեթինգում: Այն թույլ է տալիս հաղթահարել ինտերների աղմուկը և խելացի, էմոցիոնալ, զարմանալի տեքստի ու նկարների համադրությամբ ստեղծված լավ նյութերի միջոցով մարդկանց դուրս է հրում սոցցանցերում ավտոպիլոտով վերուվար անելու վիճակից: Այս վերջին բանը մենք բոլորս էլ շատ հաճախ ենք անում: