Սկզբում նայենք, թե ինչու է ճիշտ բիզնես էջ ունենալ ֆեյսբուքում՝ Facebook Busines Page. դուք հավանաբար գիտեք, որ Ֆեյսբուքն ամեն ամիս 2 միլիարդից ավելի ակտիվ օգտատերեր ունի: Անհնարին է արհամարհել այդ փաստը:
Ֆեյսբուքը մարդկանց համար շատ հեշտ է դարձրել գտնել ու կապ հաստատելը միմյանց հետ և ընկերությունների ու բիզնեսների հետ: Դա ստիպում է ընկերություններին մտածել Ֆեյսբուքում ակտիվ լինելու մասին:
Եկեք նայենք, թե ինչպես մի քանի պարզ քայլերի միջոցով ստեղծենք ֆեյսբուքյան բիզնես էջ:
Քայլ 1. Ձեր բրաուզերում (Chrome, Yandex կամ այլ) մուտք գործեք հետևյալ հղումով. https://www.facebook.com/pages/creation/
Հուշում. Նույնը կարող եք անել, եթե ձեր անձնական էջի վերևի մասում սեղմեք Create, ինչպես երևում է նկարում:
Հենց որ մուտք գործեք էջերի ստեղծման էկրան, կտեսնեք երկու տարբերակ՝ ՙՙբիզնես կամ բրենդ՚՚ և ՙՙհասարակական կազմակերպություն կամ անձ՚՚:
Քանի որ այստեղ խոսքը գնում է բիզնեսների մասին, ապա սեղմեք ձախ կողմինը՝ Business or Brand:
Լրացրեք հետևյալ դաշտերը.
– Էջի անունը՝ Page name – ձեր էջին անուն վերագրեք;
– Տեսակը՝ Category – նկարագրեք թե ինչպիսին է ձեր էջը. Հենց որ մեկ-երկու տառ հավաքեք անգլերեն լեզվով, Ֆեյսբուքն ինքը կառաջարկի տարբերակներ, ինչպես ներքևի նկարում.
Քայլ 2. Ավելացրեք լուսանկարներ
Այնուհետև Ֆեյսբուքը հուշում է, որ պետք է ավելացնել լուսանկարներ՝ Profile և Cover. ներքևի նկարում կարմիր շրջանակների մեջ առած նկարներից ձախ և աջ կողմերինն են համապատասխանաբար:
Որքան գեղեցիկ ընտրված լինեն լուսանկարները, այնքան ավել տպավորիչ ու գրավիչ կլինի ձեր բիզնեսի էջը:
Profile նկարի համար սովորաբար օգտագործում են բիզնեսի լոգոն: Լավագույն չափը 170 x 170 չափս է:
Cover նկարի համար լավագույն չափսը 820 x 462 չափսն է:
Սակայն, եթե ձեր դրած նկարները նշված չափսերի չեն, նույնպես հոգ չէ՝ Ֆեյսբուքը դրանք կցուցադրի իր նախընտրած չափով, այնպես որ պարզապես ձեր դրած նկարի մի մասը չի երևա: Հետագայում կարող եք դրանք փոփոխել, որքան ցանկանաք:
Հուշում. Cover նկարի տեղում կարող եք անգամ տեսանյութ կամ սլադերի հաջորդականություն տեղադրել:
Հենց որ սրանք լրացնեք, էջը կստեղծվի և կհրապարակվի:
Քայլ 3. Ամբողջությամբ լրացրեք էջի մասին տեղեկությունները
Հենց մեջտեղում, Ֆեյսբուքը կբերի մի քանի հուշում, թե ինչպես ճիշտ լրացնել էջի մասին տեղեկությունները: Սեղմեք ՙՙտեսնել բոլոր հուշումները՚՚՝ See All Page Tips և սկսեք լրացնել ըստ դրանց:
Նույնը կարող եք անել նաև, եթե սեղմեք Settings և Page Info:
Ի՞նչ պետք է լրացնեք.
– Նկարագրություն՝ Description – ինչի մասին է ձեր էջը, այստեղ կարող եք գրել առավելագույնը 255 տառ, ներառյալ բացատները
– Կատեգորիաներ՝ Categories – սրանք կօգնեն մարդկանց հեշտ գտնել ձեր էջը, կարող եք նշել մինչև երեք կատեգորիա
– Ձեզ հետ կապ հաստատելու տվյալներ՝ հեռախոս, վեբ կայք, էլփոստի հասցե
– Գտնվելու վայրը՝ ֆիզիկական հասցե, եթե ունեք այդպիսին
– Աշխատանքային ժամերը
– Ավելին՝ More – այստեղ կարող եք նշել ձեր գնային սահմանները, եթե ցանկանում եք:
Այստեղ գրվածները երևալու են ձեր էջի About մասում: Այդ մասում կարող եք նաև գրել ձեր բիզնեսի պատմությունը, պարգևների մասին, մենյուն և այլն:
Քայլ 4. Կարող եք փոփոխել ձեր էջի դասավորությունը
Կախված նրանից, թե ինչ բիզնես է ձերը, կարող եք ընտրել, թե ինչ ձևով ձեր գրառումները, նկարները և այլ տեղեկությունները դասավորված լինեն ձեր էջում. Ֆեյսբուքն առաջարկում է մի քանի ստանդարտ ձևաչափեր` Templates տարբեր տեսակի բիզնեսների համար: Կարող եք ընտրել հետևյալ ցուցակից.
– Shopping՝ առևտրի
– Business՝ բիզնեսի
– Venues` տարածքների
– Nonprofit` շահույթի նպատակ չհետապնդող
– Politicians` քաղաքական գործիչ
– Services` ծառայություններ
– Restaurants & Cafes՝ ռեստորաններ և սրճարաններ
– Video Page՝ տեսանյութերի էջ
– Standard՝ ստնադարտ:
Այնուհետև կարող եք ավելացնել, թե ինչ երևա տվյալ ձևաչափում՝ Tabs: Ահա մի քանի տարբերակ.
– Offers – ձեր առաջարկները, օրինակ զեղչեր
– Services – ծառայությունները
– Shop – ապրանքատեսականին
– Reviews – ձեր մասին հաճախորդների կողմից գրված կարծիքները
– Photos – էջի լուսանկարները
– Posts – գրառումները
– Videos – տեսանյութերը
– Live Videos – կենդանի տեսանյութերը
– Events – միջոցառումները
– About – ձեր մասին
– Community – ձեր այն ընկերները, ովքեր հավանել են ձեր էջը
– Groups – ձեր ֆեյսբուքյան խմբերը, որոնք կապված են այս էջին:
Քայլ 5. Ավելացրեք, թե ովքեր են կառավարելու էջը
Եթե թիմով եք կառավարելու էջը, ապա կարող եք ավելացնել տարբեր դերակատարումներ տարբեր մարդկանց համար: Ահա մի քանի հնարավոր դերակատարում:
– Admin – ադմին՝ կարող է իրականացնել ցանկացած գործողություն էջում՝ ունի բոլոր թույլտվությունները (էջը ստեղծողը սովորաբար այս դերակատարումն է ունենում)
– Editor – խմբագիր՝ կարող է խմբագրել էջը, ուղարկել նամակներ, գրառումներ կատարել էջի անունից, ստեղծել ֆեյսբուքյան գովազդ, գրել դիտողություն՝ քոմենթ, և նայել էջի վերլուծական մասը` Insights
– Moderator – մոդերատոր՝ կարող եք պատասխանել քոմենթներին կամ ջնջել դրանք, կարող է տեսնել, թե որ ադմինը ստեղծեց գրառում կամ գովազդ, կարող է նայել էջի վերլուծական մասը` Insights
– Advertiser – գովազդող՝ կարող է տեսնել, թե որ ադմինը ստեղծեց գրառում կամ գովազդ, կարող ստեղծել գովազդ կամ կարող է նայել էջի վերլուծական մասը` Insights
– Analyst – կարող է տեսնել, թե որ ադմինը ստեղծեց գրառում կամ գովազդ և կարող է նայել էջի վերլուծական մասը` Insights:
Սրանք սահմանելու համար, Page settings-ից ընտրեք “Page Roles” մասը:
Քայլ 6. Ստեղծեք ձեր առաջին գրառումները
Սկսեք ստեղծել գրառումներ, դրեք լուսանկարներ, տեսանյութեր, ստեղծեք միջոցառում՝ Event: Նոր դրված, թարմ բովանդակությունը ձեր էջի տեսքը դարձնում է գրավիչ և ստիպում է, որ մարդիկ հաճույքով գան ձեզ մոտ:
Ահա և ձեր ֆեյսբուքյան էջը պատրաստ է ներկայանալու մարդկանց:
Հաջորդ քայլում արդեն կարող եք սկսել ձեր ընկերներին հրավիրել հավանելու ձեր էջը, որպեսզի այդպիսով ձեռք բերեք ձեր առաջին հետևորդներին: Ֆեյսբուքն ինքն է առաջարկում ձեզ հրավեր ուղարկել ձեր ընկերներին.
Սակայն կարևոր է հիշել, որ եթե մարդիկ գան դատարկ էջ, ապա հետագայում էլ չեն ցանկանա հետ վերադառնալ ձեզ մոտ: Կարևոր է, որ մի քանի լավ գրառում արդեն ստեղծած լինեք, նախքան մարդկանց ձեր էջ հրավիրելը: