Լսած կլինեք այսպիսի պնդում, թե ՙՙփորձել եմ մարքեթինգ անել, բայց այնքան էլ լավ չի աշխատում՚՚:
Ընդ որում այդպես ասողը հստակ գիտե, որ խնդիրը բոլորովին էլ մարքեթինգի համար ծախսվող գումարների մեջ չէ:
Իսկ ինչի՞ մեջ է: Ո՞րն է այն կախարդական հնարքը, որի միջոցով մարդիկ կիմանան մեր ապրանքի կամ ծառայության մասին ու կգնեն այն:
Ձեզ կարող են նաև խորհուրդ տված լինել՝ այսօրվա մարքեթինգը թվային մարքեթինգն է:
Որպեսզի լավ պատկերացնենք, թե որքանով է այս պնդումը ճիշտ կամ սխալ, եկեք հիշենք, թե ինչ էր մարքեթինգը մի երկու տասնամյակ առաջ՝ նախաինտերնետային դարում:
Երբ ասում ենք մարքեթինգը 90-ականներին, անմիջապես մեր միտքն են գալիս…
Միանգամայն ճիշտ է, հեռուստատեսային գովազդներ, չնայած որ մարքեթինգը միայն գովազդը չէ, և առավել ևս միայն հեռուստատեսային չէ՝ անգամ հեռուստատեսության ոսկե դարում:
Եվ նույնիսկ այդ պարագայում, որ հեռուստատեսությունը մեր ուղեղում գրանցվել էր որպես գովազդի հիմնական միջոց, միևնույն է մենք չէինք պնդի, թե մարքեթինգ անել նշանակում էր հեռուստատեսությամբ զբաղվել:
Այս դեպքում մենք շատ լավ հասկանում էինք, որ հեռուստատեսությունը մեր մարքեթինգային արշավը լսարանին հասցնելու միջոց էր միայն: Հեռուստատեսությունն այդ ժամանակ մեր հիմնական լրատվամիջոցն էր:
Այժմ լրատվամիջոցները փոխվել են: Շատ հաճախ դրանք առցանց են՝ կայքեր, սոցցանցեր և այլն: Եվ շատ հաճախ այժմ մարքեթինգի հիմանական լրատվամիջոցները առցանց միջոցներն են, այսպես կոչված թվային մարքեթինգը:
Եթե հեռուստատեսության դեպքում մտքներովս չէր անցնում պնդել, թե առաջներում մարգեթինգը դա հեռուստատեսությունն էր, ապա ինչո՞ւ ենք հիմա ասում, թե այժմյան մարքեթինգը թվային մարքեթինգն է:
Ավելի ճիշտ է ասել՝ այժմյան մարքեթինգային լրատվամիջոցները հիմնականում թվային են:
Եվ այս դեպքում առաջնայինը նորից դառնում է առաջնային. կարևոր է դառնում իմանալ, թե շուկայի ի՛նչ կարիք բավարարելու համար ենք ստեղծել մեր ապրանքը կամ ծառայությունը և ովքեր են այն մարդիկ, որ այդպիսի կարիք ունեն:
Հաջորդ քայլերը կլինեն հստակ պատկերացնել այդ մարդկանց և իրենց համար մտածել ճիշտ ուղերձ:
Այս երկու քայլերից հետո միայն նոր պետք է սկսել պլանավորել մեր մարքեթինգային արշավի լրատվամիջոցը, այլ կերպ ասած անցնել թվային մարքեթինգը պլանավորելուն:
Սրա մասին ավելի մանրամասն՝ մեր ՙՙՄարքետինգ փոքր բիզնեսի համար՚՚ դասընթացին: Նյութերին ծանոթացեք այստեղ.