Գովազդային արշավներ կազմակերպելու ուղեցույց
Շարունակում ենք ֆեյսբուքյան գովազդների մասին թեման. որո՞նք են գովազդի հիմնական դժվարությունները և ինչպե՞ս հաղթահարել դրանք: Առաջին մասում մենք ներկայացրեցինք, թե ինչ է հարկավոր իմանալ և անել ձեր գովազդային արշավների նպատակները ճիշտ սահմանելու համար և նայեցինք, թե ինչպես է ավելի նպատակահարմար չափել ձեր գովազդի արդյունքները: Քննարկեցինք նաև, թե ինչու է Ֆեյսբուքը ամենահզոր գովազդային հարթակը մեր օրերում:
Իսկ այժմ նայենք ևս մի քանի խորհուրդ ֆեյսբուքյան արշավների մասին – գովազդների թիրախավորումը, նպատակները, տվյալների ուսումնասիրությունը և վերջապես ամենակարևորը՝ բովանդակությունը, որը վերջին ժամանակներում ամենակրիտիկական գործոնն է, թերևս, բոլոր հարթակների համար:
3. Ֆեյսբուքյան գովազդները թիրախավորելը
Երբ խոսքը գնում է սոցցանցերը որպես գովազդային հարթակ օգտագործելու մասին, Ֆեյսբուքը գովազդատուների առաջին ընտրությունն է եղել միշտ՝ շնորհիվ իր թիրախավորման տարբերակների, որոնց նմանը գոյություն չուներ: Ավելի շուտ, այդպես էր մինչև 2018 թվականի օգոստոս ամիսը:
Անցյալ տարի, Ֆեյսբուքը հրապարակեց ՙՙԳովազդը անվտանգ ու քաղաքակիրթ պահելու մասին՚՚ հոդվածը, որում հայտարարեց, որ հեռացնում է իր թիրախավորման պարամետրերից ավելի քան 5000-ը: Ասել, թե սա չի ազդում մեր թիրախային լսարաններին հասնելու եղանակի վրա, սուտ կլինի: Այնուամենայնիվ, չնայած դրան, մեր տրամադրության տակ դեռ շատ թիրախավորման տարբերակներ կան, ինչպես օրինակ, սեռը, հետաքրքրությունները, առցանց վարվելակերպը և այլն:
Ֆեյսբուքյան գովազդը թույլ է տալիս որպես թիրախ օգտագործել ձեր պահպանած լսարանը (saved audiences), ձեր սահմանած պարամետրերով կառուցված լսարանը (custom audiences) կամ էլ արդեն ունեցած լսարանի պարամետրերով կառուցած ավելի մեծ լսարանը (lookalike audiences):
4. Ռազմավարական մոտեցում ցուցաբերեք
Ձեր բրենդի գովազդի մասին չափից դուրս շատ մտածելը ձեզ օգուտ չի տա: Ավելի լավ է փորձեք առավելագույնը ստանալ ձեր գովազդի վրա ծախսած գումարից:
Ուղղակի ստեղծեք գովազդը և փորձարկեք: Եթե այն լավ չի աշխատում, փոփոխություններ մտցրեք, և այն ինչ որ մի պահից կսկսի աշխատել:
Այնպայման հետևեք գովազդի ընթացքին: Ահա մի քանի սխալ, որ մարդիկ թույլ են տալիս, երբ գովազդ են աշխատեցնում.
– Գովազդի ընթացքին չեն հետևում
– Գովազդային արշավի պարամետրերը չափից դուրս հաճախ են փոփոխում ու փորձարկում: Սա աղավաղում է ձեր արդյունքների ամբողջական պատկերը և թույլ չի տալիս, որ սխալները հաշվի առնեք և հասկանաք, թե ինչն է արդյունք բերում:
Թույլ տվեք, որ ձեր արշավը մի որոշ ժամանակ ընթանա (առնվազն երկու շաբաթ), նախքան թվերը հաշվի առնելը:
Մասնագիտական խորհուրդ. ձեր օրացույցում երկու շաբաթը մեկ և ամիսը մեկ ժամանակ հատկացրեք, որպեսզի մանրամասն նայեք ձեր արշավի արդյունքները՝ ամսվա կեսին և ամսվա վերջում:
5. Գրավիչ բովանդակություն ստեղծեք
Հետաքրքիր ու գրավիչ բովանդակություն ստեղծելը ամենամեծ արդյունքներն է բերում ցանկացած լսարանի դեպքում: Օգտատերերի մոտ 74 տոկոսը համարում են, որ չափից դուրս շատ գովազդ են տեսնում: Այս պարագայում միջակ որակի գովազդ ցուցադրելը ձեզ օգուտ չի տա:
Մտածեք հետևյալի մասին.
– Ինչ եք սովորել նախորդ արշավներից. ինչն է աշխատել, ինչը ոչ
– Որ ֆորմատն է ձեզ համար լավ, որը ոչ
– Հետևողական եղեք ձեր ուղերձներում
– Նայեք, թե ձեր լսարանը որտեղ է ակտիվ՝ սթորիներում, նյուսֆիդում, թե երկուսում էլ:
Իսկ այժմ բուն գովազդի մասին. գովազդի յուրաքանչյուր բաղադրիչ որոշակի նպատակ է իրականացնում, իսկ բոլորը միասին հաղորդում են ձեր ուղերձը և դիտողի մոտ հետաքրքրություն ստեղծում:
Վերնագիրը. Վերնագիրը պետք է գրավի ձեր ընտրած լսարանի ուշադրությունը, պետք է գրված լինի ՙՙհատուկ իր համար՚՚:
Տեքստը. Պետք է ուշադրություն գրավի և հնարավորինս զգացմունք արթնացնի:
Նկարագրությունը. Սա սովորաբար դրվում է վերնագրի ներքևում և օգնում է ձեր առաջարկին կոնտեքստ հաղորդել:
Տեսողական նյութը. Սրա որակը պետք է շատ լավը լինի: Նաև՝ պետք է ձեր հիմնական ուղերձի հետ համահունչ լինի: Միայն երբ ձեր տեքստը և նկարը համահունչ են, դուք կկարողանաք տեղ հասցնել ձեր ուղերձը:
Գործողության դրդելու կոճակը. Խրախուսեք ձեր լսարանին գործողություն կատարել: Ձեր գովազդը կարդալուց հետո, մարդիկ պետք է տեսնեն, թե իրենցից ինչ է պահանջվում անել: Այլապես, դուք նրանց ուշադրությունը կկորցնեք:
Մասնագիտական խորհուրդ. ամեն արշավում մեկից ավելի գովազդ ունեցեք, այլապես ձեր գովազդով կձանձրացնեք մարդկանց: Բացի դրանից էլ, այդ կերպ կկարողանաք փորձարկել տարբեր ուղերձներ ու ֆորմատներ:
Ինչպես տեսնում եք, բավականին շատ բան պետք է հաշվի առնեք, երբ Ֆեյսբուքում գովազդ եք դնում, բայց հաջողությունը սկսվում է նրանից, երբ սահմանում եք ձեր բիզնես նպատակները: Դրանից հետո արդեն հեշտ է լինում ռազմավարություն ստեղծել: Հիշեք, որ երբ ձեր գովազդը սկսում է աշխատել, ձեր գործը դրանով չի ավարտվում, այլ նոր է սկսվում. դուք պետք է հետևեք ընթացքին, տվյալներ հավաքեք, վերլուծեք և օգտագործեք դրանք ձեր հաջորդ արշավներում: