Որոնց ամեն բիզնես պետք է ծանոթ լինի
Նախորդ հոդվածում ներկայացրեցինք թվային մարքեթինգի ՙՙհիմնական գործող անձանց՚՚:
Այժմ, այդ ՙՙգործող անձանցից՚՚ յուրաքանչյուրի մասին ավելի մանրամասն: Այս մասում խոսելու ենք դրանցից առաջինի՝ քոնթենթ մարքեթինգի որոշ գաղտնիքների մասին:
2. Քոնթենթ մարքեթինգը թագավորն է
Նախկինում, բիզնեսները կարող էին իրենց թույլ տալ կարճ նյութեր սարքել և ներկայացնել մարդկանց ավանդական մարքեթինգային լրատվամիջոցների օգնությամբ: Բայց այսօր, բիզնեսների մեծ մասը իրենց ուշադրությունն ուղղում են լավ բովանդակություն ստեղծելուն:
Բարձր որակի բովանդակության կարևորությունը ստիպում է մարքեթինգի մասնագետներին վերածվել հրատարակչությունների: Նրանք ստեղծում ու տարածում են կրթական և ուսուցողական բովանդակություն իրենց հաճախորդների համար: Ձեր բիզնեսը նույնպես պետք է կարողանա դա անել:
Քոնթենթ մարքեթինգը փոքր բիզնեսներին հնարավորություն է տալիս դառնալ նորությունների և նոր բովանդակության խմբագրություններ: Դրանով, բիզնեսների հնարավորությունները, կարծեք թե, հավասարվել են: Այժմ, նույնիսկ ամենափոքրերը կարող են բովանդակություն ստեղծել: Բայց, իհարկե, փոքրերի համար, խնդիրը ժամանակ գտնելն ու հետևողականորեն նոր ու հետաքրքիր նյութ ստեղծելն է:
Երբ դուք բարձր որակի բովանդակություն եք ստեղծում, դուք ձեր հնարավոր հաճախորդներին տրամադրում եք անվճար և օգտակար տեղեկություններ (ի տարբերություն վաճառքի փորձեր անելուն):
Հոդվածներ, բլոգի գրառումներ, հետազոտություններ և վերլուծություններ ստեղծելով, դուք օգտագործում եք ձեր գիտելիքները և հմտությունները ձեր լսարանին գրավելու և ձեր բրենդը աճեցնելու համար:
Իսկ բովանդակություն ստեղծելուց հետո, կարող եք այն տարածել նաև սոցցանցերի ձեր էջերի միջոցով, որպեսզի ձեր կայքն ու ձեր էջերը համատեղ աշխատեն ձեզ համար:
Ինչո՞ւ պետք է բիզնեսները կիրառեն քոնթենթ մարքեթինգի մեթոդը. Բիզնեսները պետք է կենտրոնանան իրենց առաջնահերթ խնդրի՝ հնարավոր հաճախորդներ բերելու և իրենց բրենդի մասին մարդկանց տեղյակ պահելու վրա: Իսկ քոնթենթ մարքեթինգը ձեր բրենդի ինքնությունը կառուցում է այնպես, որ այն գրավիչ ու ճանաչելի է դարձնում բազմաթիվ ինտերնետ օգտատերերի համար:
Ավանդական մարքեթինգն այլևս բավարար չէ: Մարդիկ ինտերնետում տեղեկություններ են փնտրում: Նրանք համացանցն օգտագործում են ապրանքների, ընկերությունների և տարբեր խնդիրների լուծումների մասին տեղեկություններ գտնելու համար: Ձեր ստեղծած նյութը՝ քոնթենթը գրավում է մարդկանց դեպի ձեր ապրանքները, քանի որ դուք տրամարդրում եք իրենց ո՛չ թե ձեր ապրանքի գովազդ, այլ իրենց խնդիրների լուծում:
Ստատիկ՝ անփոփոխ, հինգ-էջանոց վեբկայքն այլևս բավարար չէ վստահություն ստեղծելու համար: Մեծ ծավալով և հաճախակի տեղադրվող օգտակար տեղեկությունները մեծապես նպաստում են SEO-ին՝ ձեր կայքի գուգլի օպտիմիզացիային:
Կան մասնագետներ, ում համար անվճար նյութ տրամադրելը ցանկալի տարբերակ չէ: Սակայն, անվճար նյութ տրամադրելը ձեր բիզնեսը դարձնում է ինֆորմացիայի վստահելի աղբյուր, որը մտովին փոխկապակցվում է ձեր ապրանքների հետ: Իսկ լավ համբավը անգին է:
Քոնթենթ մարքեթինգի համար ժամանակ և փող է պահանջվում (անկախ նրանից ինքներդ եք ստեղծում, թե պատվիրում եք մասնագետների), սակայն եթե համեմատեք մարքեթինգի այլ մեթոդների հետ, օրինակ վճարովի գովազդների, չափազանց արդյունավետ է ծախսերի իմաստով:
Որոշ իմաստով, քոնթենթ մարքեթինգը նման է նրան, որ ամեն օր հնարավորություն ունենաք մեծ կոնֆերանսի ողջ լսարանի առջև ելույթ ունենալու:
Լսարանի ուշադրությունը հրավիրելը քոնթենթ մարքեթինգի միջոցով. Հաճախորդները համացանցում են և փնտրում են ապրանքներ ու ծառայություններ և իրենց խնդիրների համար լուծումներ: Ձեր խնդիրը կայանում է նրանում, որ առաջինը նրանց ուշադրությունը գրավեք, քանի որ ձեր բոլոր մրցակիցները նույն բանն են ցանկանում անել:
Քոնթենթ մարքեթինգի ողջ իմաստը հասկանալն է, թե հաճախորդներն ինչ են փնտրում և որքան ժամանակ են պատրաստ դա փնտրել:
Այնպես որ, ձեզ հարկավոր է ստեղծել այնպիսի բովանդակություն, որը ձեր հաճախորդները ցանկանում են կարդալ:
Դրա համար, հարկավոր է հասկանալ, թե ինչ խնդիրներ ունեն հաճախորդները: Իսկ դրա համար յուրաքանչյուր բիզնես պետք է հստակ պատկերացնի, թե ովքեր են այդ հաճախորդները: Պետք է կարողանա լուծում առաջարկել և դա անել այպես, որ վստահություն ներշնի: Հարկավոր է նաև, որ այդ բովանդակությունը թարմ լինի: Այնուհետև, այդ ստեղծած բովանդակությունը հարկավոր է տարածել այնպես, որպեսզի հնարավոր հաճախորդները այն գտնեն:
Քոնթենթ մարքեթինգը հաճախորդի մասին է. բիզնեսի վեբկայքը պետք է ուղղված լինի հաճախորդի կարիքներին, այլ ոչ թե միայն ձեր ընկերությունը ներկայացնելուն: Եթե հաճախորդները տեսնում են, որ իրենց կարիքները ձեզ համար առաջնահերթ են, վստահում են ձեզ և ձեր առաջարկած ապրանքներին:
Բովանդակություն ստեղծելիս, շատ օգտակար է մտքում պատկերացնել երեքից հինգ անձերի, ովքեր ամենից հավանականն է, որ այցելեն ձեր կայք: Մտածեք այդ անձերի մասին. ինչ տեղեկություն են փնտրում ձեր կայքում և օգնեք նրանց որոշում կայացնել ձեր ապրանքի կամ ծառայության վերաբերյալ: Ձեր բովանդակությունն այնպես սարքեք, որ նրանց հետաքրքրի:
Եկեք դիտենք դա հետևյալ օրինակի վրա. ենթադրենք դուք ներկերի խանութ ունեք: Ովքե՞ր կարող են լինել ձեր հաճախորդները. մարդիկ, ովքեր տանը ինչ-որ բան ներկելու կարիք ունեն, մեծ ու փոքր ընկերություններ, որոնց գործում ներկեր են անհրաժեշտ, կարող են լիինել նաև նկարիչներ:
Ինչպիսի՞ հարցեր ու անհանգստություններ կունենա սրանցից յուրաքանչյուրը, ինչո՞վ դրանք իրարից տարբեր կլինեն: Ի՞նչ է նրանցից յուրաքանչյուրը ակնկալում իր գնած ներկից:
Ներկ վաճառող ընկերությունը կարող է այս հարցերն օգտագործել նյութեր ու բովանդակություն գրելու համար: Այդ նյութերը կարող են վերնագրված լինել.
– ՙՙԻնչպե՞ս ներկել փայտի կահույքը՚՚
– ՙՙՈ՞ր ներկերն են ամենալավը գործարանային շինությունների համար՚՚ և այլն:
Համապատասխան բանալի բառերը այս հոդվածներում կստեղծեն այցելուների հոսք դեպի ձեր կայքի այդ հոդվածները, նպաստելով ձեր կայքի օպտիմիզացիային:
Եվ ուրեմն, երկրորդ ՙՙգաղտնիքը՚՚ նրանում է, որ բիզնեսը պետք է շատ լավ պատկերացնի իր հաճախորդներին, հասկանա նրանց խնդիրները և ստեղծի լավ բովանդակություն հենց նրանց համար:
Քանի որ հնարավոր հաճախորդը միանգամից գնում չի կատարում, հետաքրքրեք նրանց այնքան, որ շարունակեն մնալ ձեր կայքում, կարդան նաև այլ նյութեր, հետաքրքրեք այնքան, որ հետո ետ վերադառնան: Տարածեք ձեր բովանդակությունը սոցցանցերում, այնտեղ, որտեղ ձեր հաճախորդն է լինում:
Նյութ կարդալիս, ամենաշատ նյարդայնացնող բանն այն է, որ ստիպված եք լինում ձեզ հետ կապ չունեցող բաներ կարդալ, մինչ փնտրում եք ձեզ հետաքրքրող հարցի լուծում: Այդ պատճառով, ձեր հաճախորդին միանգամից ուղղորդեք դեպի իրեն հետաքրքրող նյութը:
Ժամանակակից ընթերցողները սիրում են պարզ կառուցվածք, հեշտությամբ գտնվող նյութեր, բովանդակության հստակ բաժանում ենթամասերի: Այս վերջինը թույլ է տալիս արագ գտնել իրենց հետաքրքրող մասերը:
Քոնթենթ մարքեթինգի կարևորությունը.
– Ինտերնետն այն վայրն է, ուր մարդիկ սկզբնական տեղեկություն են փնտրում իրենց խնդրի մասին: Եթե դուք այնտեղ չեք, ապա շատ հաճախորդների համար դուք գոյություն չունեք
– Ճիշտ տեսակի բովանդակությունը չի հնանում, այն երկար տարիներ պահպանում է իր օգտակարությունը
– Այդպիսի բովանդակության միջոցով դուք կապի մեջ եք լինում ձեր հաճախորդների հետ
– Ձեր ապրանքների կամ ծառայությունների հետ կապ ունեցող նյութը գրավում է նոր հաճախորդների
– Լավ նյութի միջոցով, դուք ձեր փորձն ու հմտությունն եք կարողանում ցուցադրել ձեր հաճախորդին և դառնում եք վստահելի խորհրդատու և ստրատեգիական գործընկեր:
Իսկ ի՞նչ նյութեր ստեղծել: Ահա մի քանի գաղափար.
– Հոդվածներ ձեր բնագավառի մասին
– Պատասխաններ այն հարցերին, որ սովորաբար տալիս են ձեր հնարավոր հաճախորդները. այդ պատասխանները մնացածներին էլ կհետաքրքրեն
– Միջոցառումների՝ կոնֆերանսների և այլ իրադարձությունների մասին տեղեկություններ
– Բլոգի հոդվածներ
– Վեբինարներ
– Պատկերներ, լուսանկարներ ու տեսանյութեր, որոնք կարողանում են հաղորդել օգտակար տեղեկություններ, օրինակ՝ ցուցադրում են ձեր ապրանքի կիրառությունները:
Քոնթենթ մարքեթինգը արագ գործընթաց չէ: Այն պահանջում է երկար ու հետևողական աշխատանք: Սովորաբար հարկավոր է լինում մի քանի հոգու աշխատանք: Ներգրավեք ձեր թիմին, օրացույց ստեղծեք, թիրախներ ունեցեք՝ քանի նյութ և երբ պետք է ստեղծել: Վերլուծեք արդյունքները և միշտ հետևեք ձեր հաճախորդների կողմից տրվող հարցերին:
Քոնթենթ մարքեթինգի ամենակարևոր ՙՙգաղտնիքը՚՚ նրանում է, որ նոր ու հետաքրքիր բովանդակությունը պետք է հետևողականորեն և շարունակաբար ստեղծվի: Այս գործընթացը չի կարող մեկանգամյա լինել, եթե ցանկանում եք հաջողել:
Ավելի շատ ՙՙգաղտնիքներ՚՚ ներկայացնում ենք հաջորդ հոդվածներում և Մարքեթինգի օնլայն դասընթացին: