Սոցցանցը փորձարկում է լայքերի և վիդեո դիտումների քանակը ցույց չտալու տարբերակը արդեն մի քանի երկրներում, ներառյալ Իռլանդիայում, Ավստրալիայում և Բրազիլիայում: Փորձարկումը շուտով կներառի նաև Կանադան:
Լայքերի քանակը ցույց տալու փոխարեն, ցանցը ցուցադրելու է ՙՙԴուր է գալիս այսինչին (օգտատիրոջ անուն) և ուրիշներին՚՚ անորոշ գրառումը:
Ինստագրամը նշում է, որ հեռացնում է լայքերի քանակը ցուցադրելը, քանի որ հոգ է տանում իր օգտատերերի զգացմունքների մասին:
Ինչպես Ինստագրամի ղեկավար Ադամ Մոսերին է ասել իր վերջին հարցազրույցում.
ՙՙՄենք չենք ցանկանում, որ Ինստագրամը նպաստի այս աստիճան ծայրահեղ մրցակցային լինելուն: Մենք ուզում ենք, որ այն լինի մի վայր, որտեղ մարդիկ իրենց էներգիան ծախսում են իրենց հարազատ մարդկանց հետ կապի մեջ լինելու համար՚՚:
Յուրաքանչյուր օգտատեր կարող է տեսնել իր գրառման լայքերի քանակը, բայց ուրիշները չեն տեսնի, ինչը Մոսերիի ասելով, կնվազեցնի սոցիալական համեմատությունների քանակը և դրանց հետ կապված բացասական ազդեցությունների քանակը:
Իսկ այդպիսի բացասական ազդեցությունների քանակը զգալի է – 2017 թ-ին Մեծ Բրիտանիայում անցկացված մի հետազոտության համաձայն, Ինտագրամը ՙՙմտավոր առողջության և ինքնազգացողության համար վատթարագույն սոցցանցն է՚՚: Այն նպաստում է անհանգիստ վիճակների և դեպրեսիաների առաջացմանը: Հետազոտության մեջ նշվում է, որ հարթակը երիտասարդների մոտ ձևավորում է ՙՙհամեմատիր և հուսահատվիր՚՚ վերաբերմունք, օգտատերերը շարունակ զգում են, որ իրենց կյանքը չի համապատասխանում ուրիշների Ինստագրամ էջերում ցուցադրվող մակարդակներին:
Երբ սրան ավելացնում ենք այն փաստը, որ դեռահասները պարբերաբար հեռացնում են Ինստագրամի իրենց այն գրառումները, որոնք շատ լայքեր չեն ստանում, պարզ է դառնում, որ լայքերի քանակները նպաստում են նշված խնդրին:
Այս բոլորը հանգեցնում են այն եզրակացության, որ լայքերի քանակները հեռացնելը գուցե և վատ բան չէ: Սակայն, դեռ հստակ չէ, թե դրա ընդհանուր արդյունքը ինչպիսին է լինելու:
Ճիշտ է, լայքերի քանակը չի երևա, սակայն նկարները՝ ամենահզոր բացասական ազդակ առաջացնող աղբյուրը, հանդիսանում են Ինստայի բաղադրիչ մասը. հարթակը չի կարող գոյություն ունենալ առանց դրանց:
Անհանգստությունները պակասեցնող ցանկացած քայլ լավ քայլ է, սակայն, եկեք չմոռանանք, որ դրանք ամենամեծ խնդիրը չեն լուծում, իսկ դա անհնարին է առանց հարթակն ինքը հեռացնելու:
Բայց այս քայլն էլ է լավ քայլ և իհարկե արժե փորձարկել: Հետաքրքիր կլինի տեսնել, թե եթե լայքերի քանակը մյուսներին չերևա, լայքերը կավելանա՞ն, թե՞ կնվազեն: Եթե կավելանան, ապա արժե շարունակել այս փորձը, անկախ մնացած արդյունքներից:
Այլ խնդիրներ էլ կան, որոնք պետք է հաշվի առնվեն: Օրինակ, այն բրենդերը, որոնք աշխատում են ինֆլուենսերների հետ, ներկայումս արշավի արդյունավետությունը գնահատում են լայքերի քանակով, իսկ այս նոր տարբերակում դա անել չեն կարողանա: Ստիպված պետք է խնդրեն, որ ինֆլուենսերն ինքը տրամադրի իր թվերը:
Այս փորձը կարող է ազդել Ինստագրամի ընհանուր վարկանիշի վրա, բայց հարթակը պատրաստ է գնալ այդ ռիսկին: Այն նշել է, որ եթե դա կնպաստի ավելի առողջ միջավայրի ստեղծմանը, ապա իրենք պատրաստ են դա անել:
Լայքերի քանակը չցուցադրելը արդյո՞ք կնպաստի այս սոցցանցը ավելի լավը և ավելի հաճելի դարձնելուն: Օգտակար կլինի՞ այն արդյոք որևէ իմաստով:
Մնում է հուսալ, որ սա դրական քայլ է և որ Ինստագրամը լրջորեն հոգում է իր օգտատերերի մասին, մանավանդ ավելի խոցելի սեգմենտների մասին, անգամ եթե այս փորձը վատացնի հարթակի ցուցանիշները: