Ֆեյսբուքում մեկից ավելի գովազդային հաշիվ ստեղծելու երկու եղանակ կա։ Մեկը օրինական, թույլատրված և որոշ սահմանափակումներ ունեցող եղանակն է։ Մյուսը՝ թվացյալ անսահմանափակ, սակայն վտանգավոր և Ֆեյսբուքի կանոնակարգին հակասող։
Ֆեսյբուքի սահմանափակումները
Ֆեյսբուքն ունի իր հարթակի տարբեր համակարգերին վերաբերող սահմանափակումներ և դրանցից մեկը վերաբերում է գովազդներին։ Նախ և առաջ, ըստ Ֆեյսբուքի կանոնների՝
• Դուք կարող եք լինել ադմին, գովազդատու կամ վերլուծաբան (admin, advertiser, or analyst) մինչև 25 գովազդային հաշիվների համար, եթե այդ հաշիվների տերը կամ ադմինը ձեզ տալիս է այդպիսի իրավունք։ Երբ դուք առաջին անգամ գովազդային արշավ եք ստեղծում Ֆեյսբուքում ձեր անձնական էջից, դուք ստեղծում եք գովազդային հաշիվ, որի տերը դառնում եք դուք։ Դուք կարող եք ունենալ ձեր անձնական էջի հետ կապված միայն մեկ գովազդային հաշիվ։
Սա նշանակում է, որ․ առաջինը՝ դուք կարող եք ադմին լինել միանգամից մինչև 25 տարբեր գովազդային հաշիվների համար։ Երկրորդը՝ ձեզ կարող է ՊԱՏԿԱՆԵԼ այդ գովազդային հաշիվներից միայն մեկը։ Եվ երրորդ՝ ադմին լինելը տարբեր է հաշվի տերը լինելուց։
Օրինական եղանակը
Սա Ֆեյսբուքի կողմից առաջարկվող, մեկից ավելի հաշիվ կառավարելու եղանակն է՝ բիզնես մենեջերի միջոցով։ Ֆեյսբուքի բիզնես մենեջերը բիզնես հարթակ է, որը հատուկ ստեղծվել է այն գործակալությունների համար, որոնք աշխատում են բազմաթիվ հաճախորդների հետ։ Օրինակ, եթե դուք գովազդային գործակալություն եք, որն աշխատում է երեք բիզնեսների հետ, դուք կարող եք կառավարել նրանց բոլորի գովազդային հաշիվները բիզնես մենեջերի միջոցով։
Բիզնես մենեջերը, սակայն, պարտադիր չէ, որ միայն գործակալությունների համար օգտագործվի։ Օրինակ, դուք կարող եք ունենալ մեկ բիզնես մենեջեր, որը փոխկապացված է մեկ Ֆեյսբուքի և մեկ Ինստագրամի հաշվի, և կարող եք ունենալ տարբեր աշխատակիցներ կամ տարբեր թիմեր, ովքեր կօգտագործեն բիզնես մենեջերը այդ երկու հաշիվները կառավարելու համար։ Դուք կարող եք նաև գովազդ միացնել մեկ բիզնեսի համար, բայց վճարման մեկից ավելի եղանակ ունենալ միացրած, կամ էլ ավելի շատ տվյալներ կարող եք վերլուծել, քան Ֆեյսբուքի գովազդների insights գործիքն է թույլ տալիս։
Կարող եք մուտք գործել Ֆեյսբուքի բիզնես մենեջեր այստեղ։ Բիզնես մենեջերում կարող եք ունենալ մինչև 5 գովազդային հաշիվներ, և ավելի շատ ունենալու պահանջ ներկայացնել հնարավոր չէ։ Սա նկատի ունեինք, երբ վերևում նշեցինք, որ այս եղանակը օրինական է, բայց սահմանափակումներ ունի։ Դուք կարող եք ունենալ մեկ գովազդային հաշիվ, և կարող եք լինել մինչև 25 գովազդային հաշիվների ադմինը, բայց դրանցից միայն 5-ը կարող եք ներառել բիզնես մենեջերում։
Մի քանի այլ սահմանափակումներ նույնպես գոյություն ունեն, որոնք հասկանալի են, բայց առանց տեղեկացված լինելու, դժվար է դրանց մասին գլխի ընկնել ։ Օրինակ, դուք չեք կարող գովազդային հաշիվն ավելացնել բիզնես մենեջերին, եթե այն արդեն որևէ այլ մարդու բիզնես մենեջերին ավելացված է։ Դուք կարող եք պահանջել, որ ձեզ համար հասանելի դարձնեն այն, որի դեպքում կառավարումը կանցնի մեկ հաշվից մյուսին։ Դուք կարող եք բացել միայն մեկ գովազդային հաշիվ Ֆեյսբուքի ձեր անձնական հաշվից, սակայն կարող եք ստեղծել նոր գովազդային հաշիվ բիզնես մենեջերի միջոցով, որը միացած չէ ձեր անձնական հաշվին։
Հարկ է նշել նաև, որ եթե դուք գովազդային հաշիվ ստեղծում եք բիզնես մենեջերի միջոցով, այն կմիացվի այդ բիզնես մենեջերին և չի կարող փոխանցվել անձնական հաշվի, այլ միայն մեկ այլ բիզնես մենեջերի։
Որպեսզի բիզնես մենեջերում նոր հաշիվ ավելացնեք, երեք տարբեր գործընթացներ կարող եք օգտագործել։ Դրանց մասին կարող եք կարդալ այստեղ։
Եթե չեք ցանկանում բիզնես մենեջերն օգտագործել, բայց ցանկանում եք ունենալ մեկից ավելի գովազդային հաշիվներ, կարող եք օգտագործել ընկերոջ կամ հարազատի անձնական հաշիները, եթե նրանք համաձայնեն դրան և եթե իրենք չեն օգտագործում այդ հաշիվները։ Ֆեյսբուքում միլիարդավոր մարդիկ են գրանցված և նրանցից միայն մի փոքր մասն է ցանկանում գովազդ տեղադրել, այնպես որ կարող եք գտնել շատերին, ովքեր կհամաձայնեն թույլ տալ օգտագործելու իրենցը։
Երկու բան սխալ է այս եղանակում․մեկն այն է, որ դուք օգտագործելու եք ուրիշի անձնական պրոֆիլը, և անգամ, եթե ստացել եք թույտվություն, ձեր ընկերը կարող է մի օր որոշել ֆեյսբուքին գրել, թե դուք գողացել եք իր անձնական տվյալները և այդ դեպքում դուք չեք կարողանա հակառակն ապացուցել։
Երկրորդն այն է, որ նրանք պետք է ձեզ վստահեն օգտատիրոջ իրենց անունն ու գաղտնաբառը, կամ էլ այնքան տեղյալ լինեն Ֆեյսբուքից, որ ստեղծեն գովազդային հաշիվ և ձեզ ադմին ավելացնեն։ Ցանկացած դեպքում, սա ավելին է, քան շատերը պատրաստ են անել ձեզ համար։
Իսկ այժմ, ոչ այնքան պարզ մեթոդի մասին
Այս մյուս եղանակը, կեղծ՝ ֆեյք հաշիվ ստեղծելն է, այն դեպքում, երբ չունեք ընկերներ, ովքեր պատրաստ են ձեզ տրամադրել իրենց հաշիվները և դուք էլ չեք ցանկանում օգտագործել բիզնես մենեջերը։ Մարդկանց մի մասը, ում իրենց գովազդների որակը չի հուզում, այս եղանակն են օգտագործում։ Սակայն սա բավականին վտանգավոր մեթոդ է, քանի որ սրա պատճառով Ֆեյսբուքը կարող է արգելափակել ձեր հիմնական հաշիվը։
Այս եղանակն, իրոք, խորհուրդ չի տրվում։ Նախ և առաջ այն պատճառով, որ դեմ է Ֆեյսբուքի կանոններին, ըստ որոնց մեկ մարդը կարող է ունենալ մեկ պրոֆիլ։ Եթե Ֆեյսբուքը նկատում է, որ մարդը մեկից ավելի պրոֆիլ է ստեղծել, կարող է պատժել։ Օրինակ, արգելափակել կամ հեռացնել երկրորդ հաշիվը, կարող է ընդհանրապես արգելել գովազդելը անգամ ձեր գլխավոր հաշվից, կարող է նաև արգելափակել ձեր հիմնական հաշիվը, կախված նրանից, թե որքանով խիստ կվերաբերվի ձեր խախտումին։
Եվ այսպես, դուք ստեղծում եք Ֆեյսբուքի երկրորդ հաշիվ կեղծ՝ ֆեյք անձի համար, որը բավականաչափ իրական է թվում, և ակտիվացնում եք իր գովազդային հաշիվը։ Այդտեղից արդեն, դուք կարող եք կամ օգտագործել այդ գովազդային հաշիվը, կամ էլ ինքներդ ձեզ ավելացնել որպես ադմին գովազդային հաշվին, իսկ հաշիվը ջնջել։
Այդ վերջին տարբերակի դեպքում, կարծեք թե, ավելի պակաս հավանական է, որ Ֆեյսբուքը ձեզ մեղադրի հաշիվը կեղծելու մեջ, եթե ինչ-որ մեկ այլ անձ ձեզ ադմին է ավելացրել, և սկզբանական այդ ինչ-որ մեկն արդեն հեռացվել է։ Սակայն, եթե երկրորդ հաշիվը ապաակտիվացվել է, դա դեռ չի նշանակում, որ դուք անվտանգության մեջ եք։ Ֆեյսբուքը կարող է տեղեկություններ գտնել դրա մասին, և հաստատ կգտնի, հենց որ դուք ձեր գովազդում որևէ կանոն խախտեք։
Ինչո՞ւ է ձեզ հարկավոր երկրորդ գովազդային հաշիվ
Հարցը, վերջիվերջո, հետևյալն է․ ձեր ինչի՞ն է պետք երկրորդ գովազդային հաշիվը։
Պատճառներից մեկը կարող է լինել այն, որ ցանկանում եք ավելի շատ գովազդներ տեղադրել, առանց վտանգելու ձեր հիմնական հաշվի գովազդների որակի ցուցանիչը (quality score)։ Երկրորդ հաշվի միջոցով կարող եք տեղադրել այն գովազդները, որոնք ավելի ռիսկային են, չվտանգելով ձեր հիմնական հաշիվը։ Իհարկե, ավելի ռիսկային փորձերը ձեզ վրա ավելի թանկ կնստեն։ Սա երկրորդ գովազդային հաշիվ պահելու արդարացումներից մեկն է, սակայն, ցանկացած դեպքում, ավելի ցանկալի է պահել մեկ հաշիվ և փորձարկումներն անել փոքր բյուջեով ու կարճ ժամանակահատվածի համար։
Մեկ այլ հնարավոր պատճառն այն է, որ դուք փորձում եք ինչ-որ կանոններ խախտել։ Օրինակ, եթե փորձում եք գովազդել այնպիսի բիզնես կամ ապրանք, որը Ֆեյսբուքի կողմից արգելված է, ապա դա ցանկալի չէ անել ձեր հիմնական հաշվից։ Սակայն, ստիպված կլինեք նոր հաշիվ բացել մի քանի շաբաթը կամ մի քանի ամիսը մեկ, մինչև Ֆեյսբուքը բողոքներ ստանա ձեր գովազդների մասին և արգելափակի ձեր հաշիվը։ Այդ դեպքում, ինչքան շատ հաշիվ արգելափակվի, այնքան մեծանում է հավանականությունը, որ Ֆեյսբուքը ձեզ կգտնի։
Ստացվում է, որ եթե ձեր գովազդային հաշիվն արդեն արգելափակվել է, դուք կարող եք ստեղծել նոր հաշիվ վերը նկարագրված եղանակներով, որպեսզի հաղթահարեք առաջացած արգելքը։ Սակայն, ինչպես արդեն ասվեց վերևում, դա անելը բոլորովին խորհուրդ չի տրվում, չնայած այն բանին, որ հնարավոր է։
Մյուս կողմից, եթե պատճառն այն է, որ. «ես ունեմ երկու հաճախորդ և պետք է երկուսի համար էլ գովազդներ տեղադրեմ», ապա ավելի լավ է օգտագործեք օրինական ճանապարհը։ Թող ձեր հաճախորդներն իրենք ստեղծեն գովազդային հաշիվ և ձեզ ադմին կամ գովազդատու նշանակեն այդ հաշվի համար։ Այդպիսով, դուք կկարողանաք իրենց համար գովազդներ աշխատեցնել, առանց իրենց տվյալների կարիքն ունենալու։ Այդ դեպքում, կարող եք նաև բիզնես մենեջերն օգտագործել։
Թե ինչ եղանակ կօգտագործեք, սովորաբար կախված է նրանից, թե որքանով եք ցանկանում ենթարկվել Ֆեյսբուքի կանոններին։ Սակայն, ամեն դեպքում ցանկալի չէ դեմ գնալ Ֆեյսբուքին, քանի որ այդ դեպքում, Ֆեյսբուքը անցնում է այնպիսի գործողությունների, որոնք ձեզ այնքան էլ դուր չեն գա։