Ինֆլուենսերների կամ հանրահայտ մարդկանց միջոցով գովազդի օգտագործումը աստիճանաբար նվազում է, և դրա համար պատճառներ կան: Մարդկանց վստահությունը ինֆլուենսերների կարծիքի նկատմամբ պակասել է, քանի որ ինտերները լիքն է կեղծ կամ անբարեխիղճ գովազդի մասին պատմություններով:
Նախորդ հոդվածում մենք խոսել էինք այն հարցերի մասին, որոնց պետք է ուշադիր լինել ինֆլուենսերների հետ աշխատանքում: Իսկ այստեղ մենք կպատմենք ևս մեկ պատմություն, որը բացահայտում է ինֆլուենսերների հետ կապված այլ տեսակի վտանգի մասին:
Առաջարկ Բրայան Ուիլսոնին
Սափրվելու ածելիներ և պարագաներ արտադրող ամերիկյան բիզնեսներից մեկը, նոր շուկա մուտք գործելիս մրցակցության մեջ էր շատ ավելի հին և շատ ավելի հայտնի արտադրողների հետ, և այդ մրցակցությունը ամենասկզբում իր օգտին չէր:
Ընկերությունը իր հիմնական վաճառքներն անում էր առցանց, կամ էլ առաքում էր էլփոստի բաժանորդագրությամբ: Սակայն սկզբում, հոսքը դեպի կայք և հետևաբար նաև բաժանորդների քանակը, այնքան էլ մեծ չէր: Ճանաչման և վեբկայքի հոսքերը մեծացնելու խնդիր կար: Այդ պատճառով, ընկերությունը որոշեց իր ճանաչումը ձեռք բերել սկսելով ՙՙսոցցանցերում մեծ աղմուկ բարձրացնելուց՚՚:
Այդ պահին, ամերիկյան բեյսբոլի ամենահայտնի անուններից մեկը Բրայան Ուիլսոնն էր, ԷլԷյ Դոջերսի հարձակվողը: Երկրպագուները սիրում էին նրա արագ խաղը, իսկ շատերը նաև հմայված էին նրա հսկայական մորուքով:
Նա արդեն երեք տարի աճեցնում էր այդ մորուքը, երբ ածելիների ընկերության հիմնադիրը հանկարծ այսպիսի մի գաղափար հղացավ՝ մեկ միլիոն դոլար վճարել Ուիլսոնին, եթե նա համաձայնվի սափրել իր աննկարագրելի մորուքը այդ ընկերության արտադրած ածելիով:
Ածելիների ընկերությունը ենթադրում էր, որ բեյսբոլի աստղ Ուիլսոնից ավելի լավ ԻՆՖԼՈՒԵՆՍԵՐ դժվար էր պատկերացնել տղամարդկանց համար: Իսկ ի՞նչը կարող էր ավելի լավ ստիպել մարդկանց խոսել սափրելու ածելիի բրենդի մասին, քան այսպիսի հայտնի մարդու մորուքը սափրելը:
Ածելիների բրենդը սկսեց սոցցանցերի իր լայնածավալ արշավը, իսկ մարդիկ լսում էին այդ անհավանական գաղափարի մասին ու մտածում, թե արդյո՞ք բրենդը իսկապես պատրաստ է մեկ միլիոն դոլար վճարել: Բրենդը այդ հարցին միշտ պատասխանում էր առանց տատանվելու՝ ՙՙիհարկե՛, միանշանակ՚՚:
Սոցցանցերում և բլոգներում ստեղծված հետաքրքրությունը չափվում էր, թերևս, յոթանիշ թվերով արդեն: Միայն այդ առաջարկի մասին խոսելն արդեն հսկայական հոսք ապահովեց դեպի ընկերության վեբկայք և զգալիորեն ավելացրեց վաճառքները: Ընկերությունն արդեն կանխավայելում էր այն հրաշալի պահը, երբ մաքուր սափրված Բրայան Ուիլսոնը սոցցանցերում գովում է իրենց հրաշք ածելին, ու երազում էր, թե վաճառքներն այդ ժամանակ ո՜ւր կհասնեն:
Երբ առաջարկը պաշտոնապես Բրայանին արվեց, նա վճռականորեն հրաժարվեց մեկ միլիոն դոլարից, սակայն հասարակության հետարքրությունն արդեն այնքան էր թեժացել, որ ամսական բաժանորդների թիվը հասավ հարյուրավոր հազարների:
Այս պատմությունը հստակորեն ցույց է տալիս, որ որակյալ ապրանք ունենալը բավական չէ: Հարկավոր է այդ ապրանքի մասին կարողանալ տեղյակ պահել մարդկանց: Այդ անելու բազում եղանակներ կան, բայց մեր օրերում ամենալավը սոցցանցերում ՙՙփոթորիկ՚՚ բարձրացնել է:
Սակայն այս պատմության շարունակությունը ցույց է տալիս, որ կայծակը նույն տեղում երկու անգամ չի խփում. երբ Բրայան Ուիլսոնի պատմությունը հանդարտվեց, ընկերությունը հասկացավ, որ հարկավոր է մի նոր բան մտածել:
Սա զգուշացում է այն մասին, որ հայտնի մարդկանց ազդեցությունը գովազդային նպատակներով օգտագործելը կարող է կարճաժակետ շատ մեծ արդյունքներ տալ, սակայն կարող է նաև մեծապես վնասել ընկերությանը:
Առաջարկ Մայքլ Ֆելփսին
Հաջորդ քայլը օլիմպիական լեգենդ, լողորդ Մայքլ Ֆելփսին գրավելն էր, որպեսզի նա դառնա բրենդի ինֆլուենսեր: Բրենդը չուներ այն գումարները, որոնք կարող էին գրավել Մայքլ Ֆելփսի նման մեկին, սակայն, եթե լողորդը մի քանի բարի խոսք ասեր ընկերության արտադրած ածելիների ու քսուքների մասին, ապա դա հսկայական արդյունք կարող էր տալ:
Նրանք ովքեր ծանոթ են լողորդի առօրյային, գիտեն, որ մարմինը լրիվ սափրելուց հետո սառը ջրի մեջ ցատկելը իսկական շոկ է ամբողջ օրգանիզմի համար: Նրանք, ովքեր ստիպված են դա շարունակաբար անել, կցանկանային մեղմել այդ շոկային ազդեցությունը: Ընկերության սափրվելու քսուկները հենց դրա համար էին նախատեսված:
Եվ երբ Մայքլը սկսեց պատրաստվել 2016-ի օլիմպիական խաղերին, ընկերությունը մի նվեր ուղարկեց նրան՝ ածելիների ու քսուքների մի փաթեթ: Ընկերության ակնկալիքն այն էր, որ Մայքլը կնշի այդ նվերի մասին, թեկուզ գոնե Ինստագրամում, ուր նա ութ միլիոն հետևորդ ունի:
Երկու շաբաթ անց, ընկերությունը նամակ ստացավ Մայքլից, ուր ասվում էր, որ նա հավանել է ածելիներն ու քսուքները, և որ դրանք վերջանալու վրա են: Կարո՞ղ է ընկերությունը էլի դրանցից ուղարկել:
Ընկերության ներկայացուցիչը պատասխանեց, որ շատ ուրախ կլինի: Իսկ եթե Մայքլը նաև մի փոքր գրառում անի իրենց մասին, ապա հրաշալի կլինի: Նոր փաթեթ ուղարկելուց հետո Մայքլը գրեց, թե կուզենար, որ երրորդ փաթեթն ուղարկվի իրեն, քանի որ իր ընկերուհին ՙՙգողացավ՚՚ նախորդն իրենից: Ընկերությունն առաջարկեց հատուկ կանանց համար նախատեսված ածելիներ ուղարկել:
Հաջորդը, Մայքլի մենեջերը գրեց, ասելով, որ Մայքլը Ինստագրամում գրել է ընկերության մասին, և որ իրենք կցանկանային քննարկել համագործակցության տարբերակները: Մի քանի բանակցություններից հետո երկու կողմերը համաձայնության եկան և որոշվեց պայմանագիր ստորագրել: Եթե ամեն ինչ հարթ ընթանար, ապա ամեն անգամ մրցումներին, երբ Մայքլը ցուցադրեր իր սափրած կուրծքը, մարդիկ մտածելու էին ընկերության ածելիների մասին: Իսկ օլիմպիական մրցումներին, ինչպես գիտեք, դա շատ հաճախ էր տեղի ունենալու:
Սպորտային լրատվականները սկսեցին գրել շուտով կայանալիք այդ գործարքի մասին, և դա արդեն իսկ սկսեց զգալիորեն ավելացնել ընկերության վաճառքները: Իսկ հետո… մի տարօրինակ բան տեղի ունեցավ: Սոցցանցերում աղմուկի մի մասը հանկարծ բացասական երանգ ստացավ:
Մարդիկ տեղադրեցին 2009-ին արված մի լուսանկար, որտեղ Մայքլը թմրանյութ է ծխում մի հավաքույթի ժամանակ: Հետո ինչ, թե Մայքլ Ֆելփսը ամենաշատ մեդալներով ՙՙզարդարված՚՚ լողորդն է օլիմիպիական պատմության մեջ, այնպես չէ՞: Մարդիկ պատրաստ էին ճզմել բացասական կարծիքների տակ այն լողորդին, ով 23 ոսկե մեդալ էր բերել Ամերիկային:
Այդ ամենը իսկապես անհասկանալի ու անտրամաբանական էր, սակայն, ընկերությունն այնուամենայիվ ուրախ էր, որ գործարքը դեռ տեղի չէր ունեցել: Այն պահին, երբ բացասական աղմուկը հասավ իր գագաթնակետին, սափրելու պարագաների ընկերության համար դժվար ժամանակներ վրա հասան: Այդ պատճառով, երբ ընկերության սեփականատերը ընկերությունը վաճառելու առաջարկ ստացավ, առանց տատանվելու համաձայնեց դրան:
Այս պատմությունը հստակ ցուցադրում է այն ճշմարտությունը, որ հանրահայտ մարդկանց հետ գործ ունենալը կարող է տարօրինակ ընթացք ստանալ նրանց հետ համագործակցող ընկերությունների համար, և որ ամենափոքրիկ սխալը կարող է անդառնալի վնասել ընկերության իմիջին: