Արդյո՞ք սա թույլ կտա բարելավել հարթակը
Սա թերևս ամենապահանջված և վերջերս ամենաշատ քննարկված հնարավորություններից մեկն է – ՙՙՉեմ հավանում՚՚ (dislike) կոճակ ավելացնելը Ֆեյսբուքում:
Օգտատերերը պահանջում են ավելացնել սա դեռ այն ժամանակներից, երբ ստեղծվել է ՙՙհավանում եմ՚՚ կոճակը: Ֆեյսբուքն էլ ժամանակ առ ժամանակ մտմտում է այն մասին, թե ինչպես իր օգտատերերին ինչ-որ գրառումների կամ դիտողությունների հետ չհամաձայնելու հնարավորություն տա:
Ֆեյսբուքյան փորձարկումները
Բոլորովին վերջերս Ֆեյսբուքն այդպիսի մի փորձ արեց. այո կամ ոչ քվեարկելու հնարավորություն ստեղծեց դիտողությունների (comments) համար, որի նպատակը ոչ թե չհամաձայնել էր, այլ ՙՙվատ մտադրություններով՚՚ արված դիտողությունների ազդեցությունը պակասեցնելը:
Մի քանի շաբաթից փորձարկումը դադարեցվեց, և դրանից հետո նման բան էլ չենք տեսել Ֆեյսբուքի կողմից, բայց այդ հնարավորությունը դեռ դիտարկվում է: Խնդիրը նրանում է, որ դեռ մինչև վերջ ուսումնասիրված չեն դրա հետևանքները և թե որքանով այդ գիծը օգտատերերի համար լավ կլինի:
Կողմ կամ դեմ քվեարկելու հնարավորությունն ուներ այսպիսի տեսք, ինչպես պատկերված է վերևի նկարում:
Ի՞նչ օգուտ կարող է տալ
Ենթադրվում է, որ այսպիսի գիծը հնարավորություն կտա կանգնեցնել ատելության, թշնամության կամ դժկամության տարածումը հարթակում:
Պատկերացրեք, որևէ չարակամ անձ այլոց համար տհաճ նյութ դնի հարթակում և իր բազմաթիվ հետևորդները սկսեն հավանել այն: Մարդիկ տեսնելու են միայն բազմաթիվ լայքերը, ասենք՝ 2k likes, և դա սխալ ուղերձ է հաղորդելու նրանց: ՙՙՉեմ հավանում՚՚ ֆունկցիան հնարավորթյուն կարող է տալ, օրինակ, հավաքել 18k dislikes, ինչը մարդկանց կհաղորդի, որ այդ գրառումը մարդկանց մեծամասնությանը դուր չի գալիս և կստիպի վերանայել իրենց վերաբերմունքը:
Հետաքրքիր է նաև, որ դիտողություն՝ comment գրելու հնարավորությունը շատ հաճախ սկիզբ է դնում բուռն վեճերի և ստեղծում է ավելի մեծ անհամաձայնություն: Մինչդեռ հավանելու և չհավանելու հնարավորությունը թույլ կտա մարդկանց դիրքորոշումները հստակեցնել առանց կոպիտ միջամտության: Դա թույլ կտա ցուցադրել, թե տվյալ գրառումը համընդանուր հավանություն ստացել է, թե ոչ:
Այս նույն բանը կարող է կիրառվել նաև կեղծ լուրերի կամ սխալ տեղեկատվության նկատմամբ – եթե օգտատերը կեղծ լուր կամ պատմություն է տեղադրում, կարելի է օգտագործել դիսլայք հնարավորությունը և այդ կերպ ցույց տալ, որ այդ տեսակետը սխալ է: Այժմ, մարդիկ նման պարագայում հաճախ օգագործում են ՙՙբարկացած եմ՚՚ նշանը, բայց այդ նշանը պարզ չի դարձնում, թե մարդիկ ինչի վրա են բարկացած՝ բովանդակության, թե դրա իսկության: ՙՙՉեմ հավանում՚՚ նշանը թույլ կտա պարզ դարձնել տեսակետը և կօգնի պակասեցնել դրա տարածումը:
Ի՞նչ վնաս կարող է պատճառել. YouTube-ի փորձը
Սակայն, կան նաև բազում պատճառներ, թե ինչու սա կարող է չաշխատել:
Բոլորովին վերջերս, YouTube-ը հայտարարել է, թե հնարավոր է հեռացնի իր ՙՙdislike՚՚ հնարավորությունը, քանի որ երբեմն այն թույլ է տալիս մասսայական հարձակում գործել որևէ նյութի վրա և պակասեցնել դրա հանրահայտությունը, երբեմն նույնիսկ առանց տեսանյութը նայած լինելու:
YouTube-ում տեղադրված ՙՙ2018 Rewind՚՚ տեսահոլովակը դարձավ բոլոր ժամանակների ամենաշատ վատ կարծիքներ ստացած (ներկայումս 15 միլիոն դիսլայք) տեսանյութը:
Ճիշտ է, տեսանյութը բավական անճաշակ է, սակայն մտահոգությունն այն է, որ դեմ քվեարկելու հնարավորությունը փաստորեն օգտագործվել է որոշակի նյութի ռեյթինգը արհեստականորեն նվազեցնելու և դրա տարածումը սահմանափակելու նպատակով: Հավաքեք ձեր հետևորդների բանակը և դուք կարող եք նվազեցնել ցանկացած նյութի տարածում, ինչն իրականում լրիվ հակառակ է դեմ քվեարկելու տարբերակի սկզբնական իմաստին:
Չարաշահելու հնարավորությունը
Դիսլայքի կոճակը լրիվ հեռացնելը իհարկե ծայրահեղ քայլ կլինի, սակայն քննարկումները դեռ շարունակվում են: Ֆեյսբուքում նման տարբերակ ներմուծելը նույն մտավախությունն է առաջացնում:
Իրականում, բավականին հեշտ է պատկերացնել, թե ինչ կարող է տեղի ունենալ – Ֆեյսբուքն արդեն նշել է, որ շատ դեպքերում մարդիկ գրում են հարթակին, թե տվյալ տեղեկատվությունը ՙՙկեղծ լուր է՚՚ միայն այն պատճառով, որ համաձայն չեն գրածի հետ, կամ էլ դիտմամբ փորձում են որևէ կոնկրետ մարդու թիրախավորված վնաս հասցնել:
Եվ եթե նաև պատկերացնենք, թե ինչպես քաղաքականացված որոշ խմբեր արդեն սխալ կերպ օգտագործում են հարթակը, ինչ տեղի կունենա, եթե դեմ քվեարկելու հնարավորություն ներմուծվի:
Եվ ուրեմն, դեմ քվեարկելու հնարավորությունը կդարձնի՞ արդյոք Ֆեյբուքը շփվելու ավելի լավ վայր
Դժվար է ասել – մի կողմից հնարավորություն տալով ցուցադրել, թե որքանով է մարդկանց տվյալ գրառումը դուր գալիս, կարող է ստիպել, որ մարդիկ լուրջ մտածեն նախքան իրենց կարծիքը մյուսների հետ կիսելը: Մյուս կողմից էլ, չարաշահելու հնարավորությունը շատ մեծ է: Ինչի դեմ Ֆեյսբուքը շարունակ փորձում է պայքարել:
Սակայն, որոշ առավելություն կա այն բանում, որ մարդկանց դեմ կամ կողմ քվեարկելու հնարավորություն, այնուամենայնիվ, տրվի: Անգամ հաշվի առնելով վերը նշված ռեյթինգային գործոնը, ճիշտ ներդնելու դեպքում, այն օգտակար կլինի:
Այսպիսի հնարավորության ստեղծման մասին շատ երկար է քննարկվել, և չի բացառվում որ շատ շուտով այն ներդրվի: Ժամանակը ցույց կտա:
Իսկ դո՞ւք ինչպես եք կարծում: