Մեր նախորդ հոդվածում մենք խոսեցինք, թե որքան կարևոր են լուսանկարներն ու պատկերները ձեր սոցցանցերի էջերի հաջողության համար:
Լավ որակի անվճար լուսանկարներ գտնելը դժվար խնդիր էր առաջներում, անվճար քիչ տարբերակներ կային, իսկ եղածներն էլ լավ որակի չէին:
Սակայն, ժամանակները փոխվե՛լ են: Այժմ, գոյություն ունեն անվճար լուսանկարների այնքան շատ կայքեր, որ որոշ իմաստով նույնիսկ դժվարացել է կողմնորոշվելը, թե որն օգտագործեք: Այստեղ մենք ներկայացնում ենք բարձր որակով, անվճար լուսանկարներ առաջարկող մի քանի կայքեր:
1. Pixabay
Ներկայումս, Pixabay-ն ունի 420,000-ից ավելի լուսանկար և մեծ է հավանականությունը, որ այնտեղ կգտնեք, ինչ ցանկանում եք:
Նկարների լիցենզիաների մասին շփոթեցնող պահանջներ չկան այստեղ: Դուք կարող եք օգտագործել Pixabay-ի ցանկանցած պատկեր, առանց նշելու հեղինակին կամ կայքը, ընդ որում և՛ անձնական, և՛ կոմերցիոն նպատակների համար:
2. Unsplash
Unsplash-ը շատ գեղեցիկ պատկերների հրաշալի կայք է, դրանց կարող եք օգտագործել ձեր բլոգի հոդվածների և սոցցանցերի էջերի համար: Դուք կարող եք գտնել դրանք վեբկայքում, կամ էլ կարող եք բաժանորդագրվել և ստանալ ձեր էլփոստի հասցեին՝ 10 նոր նկար ամեն 10 օրը մեկ:
Բոլոր նկարները Unsplash-ում տեղադրված են անվճար լիցենզիայի համաձայնագրի ներքո, այսինքն կարող են օգտագործվել անձնական կամ կոմերցիոն նպատակներով: Դուք կարող եք դրանք փոփոխել, պատճենել և տարածել առանց Unsplash-ին կամ լուսանկարչին տեղեկացնելու, չնայած միշտ էլ ցանկալի է, որ ի նշան շնորհակալության, նշեք նրանց՝ որտեղ հնարավոր է:
3. StockSnap
Բոլոր լուսանկարները StockSnap-ում ազատ են copyright-ի սահմանափակումներից և չեն պահանջում նշել հեղինակին: Ամեն շաբաթ հարյուրավոր նոր նկարներ են ավելացվում, որոնք դասավորվում են ըստ տեղադրման ամսաթվի և դիտումների քանակի: Նաև, առանձին երևում են այդ պահին կայքում հատկապես շատ դիտվող նկարները:
Ինչպես Unsplash-ի դեպքում, StockSnap-ի պատկերները անվճար լիցենզիայի համաձայնագրի ներքո են, այսինքն կարող եք դրանք օգտագործել ինչպես ցանկանում եք: Կայքում նշված է, որ StockSnap-ի երկարաժամկետ նպատակն այն է, որ ստեղծի այնպիսի լուսանկարիչների համայնք, ովքեր ցանկանում են կիսել իրենց արվեստը աշխարհի հետ:
4. Flickr
Flickr-ը միշտ եղել է, և մինչև օրս էլ մնում է անվճար նկարների վստահելի աղբյուր: Կարևոր է իմանալ հետևյալը. ինչ է նշանակում նկարներին վերաբերող Creative Commons արտոնագիրը – գոյություն ունեն ութ տարբեր տեսակի արտոնագրեր, և ոչ բոլոր պատկերներն են անվճար Flickr-ում:
Այն նկարները, որոնք տեղադրված են Free Use Photos բաժնում, կարող են օգտագործվել անվճար՝ բոլորի կողմից: Նույնիսկ չի պահանջվում հեղինակին նշել: Այս բաժնում նկար տեղադրողները թույլ են տալիս, որ իրենց նկարներն անվճար օգտագործվեն:
5. Pexels
Pexels-ը ամեն օր 10 նոր բարձր որակի նկար է ավելացնում իր անվճար հավաքածուին, որը ներկայումս բաղկացած է ավելի քան 2700 նկարներից: Ամեն շաբաթ առնվազն 70 նոր նկար է ավելանում: Այդպիսով, մեկ տարում մոտ 3600 նոր պատկեր կավելանա Pexels-ի հավաքածուին:
Pexels-ի թիմը հատիկ-հատիկ ընտրում է պատկերները այլ անվճար աղբյուրներից, ներառյալ վերը նշված Unsplash-ից: Ամեն նկար բարձր որակի է և ունի Creative Commons Zero արտոնագիր, որը թույլատրում է դրանց ազատ օգտագործումը:
6. Death to the Stock Photo
Այս անմոռանալի անվամբ կայքը անվճար նկարների ամենահայտնի կայքերից է: Այն ունի երկու տարբերակ. անվճար պլան, ըստ որի ամեն ամիս անվճար նկարների մի թարմ խումբ է ուղարկում ձեր էլփոստի հասցեին և վճարովի պլան, ըստ որի ամսական 15 դոլարի դիմաց ձեզ հասանելի է դառնում նկարների ողջ գրադարանը՝ գումարած նկարների ՙՙպրեմիում՚՚ փաթեթ:
7. Snapwire Snaps
Snapwire Snaps-ը մեկ այլ տարբերակ է, որը ձեր էլփոստի ձեր հասցեին շաբաթը մեկ ուղարկում է անվճար 7 պատկերներ: Եթե դուք Tumblr-ի օգտատեր եք, կարող եք հետևել Snapwire Snaps-ին և ոչ մի նոր պատկեր բաց չեք թողնի:
Այս վերջինը ընդամենը մեկ տարվա պատմություն ունի և անվճար նկարների ամենամեծ շտեմարանը չէ, սակայն իմաստ ունի սրա հասցեն ավելացնել ձեր էջանշաններին (bookmarks):
Այս նշված բոլոր կայքերը թույլ են տալիս գտնել անվճար և որակյալ նկարներ, որոնք ունեն Creative Commons Zero արտոնագիր, այսինքն կարող են օգտագործվել անսահմանափակ ձևով և անվճար՝ թե անձնական, թե կոմերցիոն նպատակներով: