(և թե ինչպես գումար խնայել գովազդելիս)
Չնայած, որ Ֆեյսբուքի գովազդատուները դեռ շարունակում են զգալ ավելի վաղ այս տարի տեղի ունեցած iOS 14 թարմացման հետևանքները, Ֆեյսբուքը շատ ընկերությունների համար, այնուամենայնիվ, շարունակում է մնալ լավագույն գովազդային հարթակը, որի միջոցով նրանք ներկայանում են նոր լսարանների և վաճառքներ իրականացնում։ Ֆեյսբուքի հարթակի առանձնահատկությունները լավ հասկանալն օգնում է ցածր պահել գովազդի գները։
Այս հոդվածը պատասխանում է հետևյալ հարցերին․
• Որքա՞ն արժեն Ֆեյսբուքի գովազդները
• Ի՞նչն է արդարացնում Ֆեյսբուքի գովազդների գները
• Ի՞նչ գործոններ են ազդում գովազդի գների վրա
• Ինչպե՞ս առավելագույնը քաղել ձեր ունեցած բյուջեից։
Ի՞նչն է արդարացնում Ֆեյսբուքի գովազդների գները
Սոցցանցերում գովազդն, ընդհանուր առմամբ, իր շատ մեծ առավելություններն ունի, սակայն, եկեք մի քանի համեմատություն անցկացնենք Ֆեյսբուքի և այլ հարթակների, օրինակ, Pinterest-ի, LinkedIn-ի և Instagram-ի միջև։
Ֆեյսբուքը դեռ շարունակում է մնալ աշխարհի ամենահայտնի հարթակը
Իր 2․8 միլիարդ օգտատերերով, Ֆեյսբուքը ներկայումս ամենամեծ և ամենաակտիվ սոցիալական հարթակն է ողջ աշխարհում։ Համեմատեք այն այլ հարթակների հետ՝ YouTube (2.3 միլիարդ), Instagram (1.3 միլիարդ) և TikTok (7.3 միլիոն).
Եվ տարբեր տարիքային խմբերի կողմից ամենաշատ օգտագործվողը
Ֆեյսբուքը օգտատերերի տարիքային խմբերի ավելի հավասարաչափ բաշխվածություն ունի, համեմատած այլ հարթակների՝ Instagram-ի և Linkedin-ի հետ, ինչը նշանակում է, որ կարող եք ավելի լայն տարիքային խմբերի թիրախավորել ձեր գովազդներում։
Թույլ է տալիս ճշգրիտ թիրախավորում
Ճշգրիտ թիրախավորում նշանակում է ավելի քիչ ծախս Ֆեյսբուքի գովազդի համար։
Եթե դուք ցանկանում եք թիրախավորել որևէ մեկին, ով գտնվում է կոնկրետ հասցեից կամ փոստային ինդեքսից 15 մղոն շառավղով հեռավորության վրա, ապա հեշտությամբ կարող եք այդ անել։
Եթե ցանկանում եք հասնել այն ծնողներին, ում երեխաները 3-ից 5 տարեկան են և պաղպաղակ են սիրում, ապա դա էլ կարող եք անել։
Թույլ է տալիս ճկունություն բյուջեի հարցում
Ֆեյսբուքն առաջարկում է երկու տիպի բյուջետավորման հնարավորություն, որոնք համապատասխանում են գովադների տարբեր ռազմավարությունների։ Արշավի կյանքի տևողության բյուջե, որն օգտակար է այն դեպքում, երբ գովազդը որոշակի տևողություն և վերջնաժամկետ ունի; և օրական բյուջե, որոնք լավ են այն դեպքում, երբ ձեր արշավը վերջնաժամկետ չունի։
Գովազդը ավելի մատչելի է
Ֆեյսբուքի գովազդները ամենամատչելին են բոլոր տիպի բիզնեսների համար, անկախ նրանից այդ բիզնեսները օրական 10 դոլար են ծախսում, թե հազարավոր դոլարներ։ Օգտագործելով փորձարկելու, վերաթիրախավորելու (remarketing) և ճշգրիտ հաշվետություններ ստանալու հնարավորությունները, դուք կարող եք ձեր ամեն ծախսած դոլարից առավելագույնը քաղել։
Համեմատության համար, ահա գովազդին՝ մեկ օգտատիրոջ մեկ անգամ սեղմելու (Cost-per-click) միջին գները ամենահայտնի 4 հարթակների համար, 2021-ի տվյալներով․
• Twitter: $0.38
• Facebook: $0.97
• Instagram: $3.56
• LinkedIn: $5.26
Ֆեյսբուքի գովազդի գների վրա ազդող գործոնները
Ֆեյսբուքի գովազդի գների վրա մի շարք գործոններ են ազդում։
1. Արշավի նպատակները (Campaign objectives)
Ֆեյսբուքի արշավի նպատակները կարևորագույն գործոն են գնի համար, քանի որ դրանք վերաբերում են այն արժեքին, որ տալիս է ցանկալի նպատակին հասնելը, ինչպես նաև այն բանին, թե մարքեթինգի ձագարի որ մասում են գտնվում ձեր օգտատերերը։
Օրինակ Brand awareness կամ Engagement արշավները ավելի էժան են, քան ձագարի ներքևի մասում գտնվող արշավները, օրինակ՝ Conversions-ը, քանի վերջիններս ստիպում են գնում կատարել։ Ավելի հեշտ է ինչ-որ մեկին ստիպել որ նկատի գովազդը, քան որ սեղմի այդ գովազդին, բաց անի իր դրամապանակը և գնում կատարի։
2. Լսարանի չափսը
Որքան մեծ ու լայն է լսարանը, այնքան ավելի էժան կլինի գովազդը։
Սովորաբար գները էժան են լինում ձեր մասին դեռ անտեղյակ՝ այսպես կոչված «սառը» հնարավոր հաճախորդներ գտնելուն ուղղված արշավների դեպքում, այսինքն այն արշավների, որոնք ուղղված են ձագարի վերևի մասին։ Իսկ երբ խոսքը գնում է ավելի որոշակի լսարանի մասին, որն արդեն ձեր մասին տեղեկացված է՝ ավելի «տաք» է ձեր նկատմամբ, գներն ավելի բարձր են լինում, քանի որ այդպիսի լսարանը ավելի փոքր չափսի է և, հետևաբար, ձեր մրցակցությունն ավելի մեծ է։
3. Օրական բյուջեն
Երբ ձեր օրական բյուջեն փոքր է, Ֆեյսբուքի այսպես կոչված «սովորելու փուլը» (Learning Phase – թերևս ավելի ճիշտ կլինի կոչել «հասկանալու փուլը») ավելի երկար է տևում։ Ֆեյսբուքն այսպես է սահմանում այդ փուլը․ «երբ դուք նոր գովազդ եք ստեղծում կամ զգալի փոփոխություն եք կատարում արդեն գոյություն ունեցող գովազդում, մեր համակարգը սկսում է հասկանալու պրոցեսը, թե ում ցույց տա գովազդները։ Սա չի նշանակում, թե մեր համակարգը այս ընթացքում այլ կերպ է աշխատում․ մենք սա նշում ենք, որպեսզի ցույց տանք ձեզ, որ դեռ աշխատում ենք այդ ուղղությամբ»։
Քանի որ փոքր օրական բյուջեի դեպքում Ֆեյսբուքի «հասկանալու փուլը» ավելի երկար է տևում, ծախսերն էլ համապատասխանաբար կարող են ավելի շատ լինել, մինչ համակարգը փորձում է հասկանալ, թե ձեր լսարանն ինչպես է վերաբերում ձեր գովազդին և ինչպես նրան ավելի լավ օպտիմիզացնել՝ ներգրավվածությունը առավելագույնի հասցնելու համար։ Եթե ձեր գովազդի նկատմամբ լսարանի ներգրավվածությունը բարձր է, ապա Ֆեյսբուքն ու Ինստագրամը ժամանակի ընթացքում ձեր կպարգևատրեն՝ ավելի ցածր գներ առաջարկելով։
4. Գովազդին սեղմելու տոկոսը (Click-thru rate)
Գովազդին սեղմելու տոկոսը (Click-thru rate – CTR) նույնպես կարող է դեր խաղալ Ֆեյսբուքի գովազդի գների հարցում։ Երբ այդ տոկոսը ցածր է, հատկապես վեբկայքի այցելությունների նպատակ ունեցող արշավների դեպքում, ապա ձեր ծախսը կարող է ավելի մեծ լինել, քանի որ Ֆեյսբուքը հասկանում է, որ ձեր գովազդի ուղերձը չի կարողանում «կապ հաստատել» ձեր ընտրած լսարանի հետ։
Լավ CTR տոկոս է համարվում 2 տոկոսը։ Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որքան այս տոսոսը մեծ է լինում, այնքան մեկ գովազդի ցուցադրման ծախսը ցածր է լինում։
5. Սեզոնայնությունը
Պատմականորեն, երրորդ քառորդի վերջին և չորրորդ քառորդին գները միտում ունեն աճելու, քանի որ տոները մոտենում են։ Ձեր մրցակիցները, հատկապես նրանք, որոնք էլեկտրոնային առևտրի բնագավառում են, տարվա այդ սեզոնին սովորաբար մեծացնում են իրենց գովազդային բյուջեն՝ այդպիսով բարձրացնելով գները բոլոր բրենդերի համար։
Ձեր տարեկան բյուջեն կազմելիս, սա նկատի ունեցեք, հատկապես, եթե էլեկտրոնային առևտրի բնագավառում չեք կամ տարեվերջի գովազդներ չեք միացնելու։ Միգուցե ձեր դեպքում ճիշտ կլինի մի փոքր պակասեցնել գովազդները այդ սեզոնում, հավելյալ ծախսերից խուսափելու համար։
Հաջորդ մասում կանդրադառնանք, թե ինչպես կարելի է պակասեցնել Ֆեյսբուքի գովազդի ծախսերը։
ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ