Ֆեսյբուքի գովազդների արդյունքները բարելավելու՝ օպտիմիզացիայի մասին բազմաթիվ խորհուրդներ կան։ Դրանց մեծ մասը, սակայն, շատ պարզունակ են, ինչպես օրինակ «հարկավոր է տեղադրել Facebook Pixel» կամ «հարկավոր է ճիշտ թիրախավորել ձեր լսարանը»։
Ինչը, որ շատ հաճախ ձեզ առանձնապես օգտակար չի լինում, ճիշտ է՞։
Օպտիմիզացիա նշանակում է, որ ձեր արշավի արդյունքներն իրոք բարելավվում են։ Ներկայացնում ենք մի քանի հնարք, որոնց միջոցով դուք կկարողանաք ձեր արշավների արդյունքները զգալի կերպով բարելավել։
Այս հոդվածում ներկայացնում ենք, թե ինչպես,
• Մեծացնել գովազդին սեղմելու քանակները՝ click-through rates (CTR)
• Փոքրացնել ձեր գովազդային արշավի յուրաքանչյուր սեղմելու ծախսը՝ cost-per-click (CPC)
• Ձեր գովազդով հասնել ավելի մեծ արդյունք ապահովող լսարանի՝ high-ROI audiences
• Փոքրացնել մեկ նոր հաճախորդ ձեռք բերելու ծախսը՝ cost-per-acquisition (CPA)
• Մեծացնել վաճառքնեը, առանց մեծացնելու ձեր գովազդային բյուջեն՝ ad budget
Եթե ցանկանում եք ավելի շատ արդյունքի հասնել ձեր գովազդներով, անհրաժեշտ է, որ օպտիմիզացնեք ձեր արշավները թե՛ նախքան դրանք Ֆեյսբուքում տեղադրելը, թե՛ տեղադրելուց հետո։
Այս բաների համար ծախսված ժամանակը երբեք անտեղի չի լինում և լավ արդյունքներ է բերում։ Եկեք դիտարկենք մի քանի հնարք, կամ մի քանի գաղտնիք, թե ինչպես բարելավեք ձեր ֆեյսբուքյան արշավների արդյունքները։
1. Օպտիմիզացրեք Ֆեյսբուքի ձեր գովազդի լայքերն ու շեյրերը (likes and shares)
Ֆեյսբուքի գրառումների, ինչպես նաև գովազդների լայքերն ու շեյրերը սոցիալական ապացույցի ամենահստակ ձևերից են։ Սոցիալական ապացույցի մասին ավելի մանրամասն կխոսենք մեկ այլ առիթով, իսկ այժմ դրա կարճ բացատրությունը․ երբ տեսնում եք, որ մարդկանց ինչ-որ բան դուր է գալիս, դուք էլ եք սկսում հետաքրքրվել այդ նույն բանով։ Օրինակ, եթե երկու կողքի-կողքի սրճարաններից մեկում հաճախորդները զգալի ավելի շատ են, դուք հավանական է, որ ընտրեք հենց այդ մեկը։ Կամ, եթե սոցցանցերում մի գրառմանը մարդիկ ավելի շատ են արձագանքել, հավանականությունը, որ դուք էլ կարձագանքեք, մեծանում է։
Ճիշտ նույն ձևով, եթե ձեր ֆեյսբուքյան գրառման կամ գովազդի արձաքանգները շատ են, ապա մարդիկ եզրակացնում են, որ ներկայացված ապրանքը բավականին լավն է։
Գովազդն ստեղծելիս դուք երկու տարբերակ ունեք, որոնցից մեկը ձեզ առաջարկվում է, որպես լռելյայն՝ default տարբերակ․ ստեղծել նոր գովազդային արշավ և նոր գովազդներ։
Իսկ «օգտագործել գոյություն ունեցող գրառում» տարբերակը “Use Existing Post” հաճախակի անտեսվում է։ Սակայն, այս տարբերակը չափազանց արդյունավետ եղանակ է ձեր գովազդի լայքերն ու շեյրերը օպտիմիզացնելու համար։ Այն ձեզ թույլ է տալիս հավաքել ձեր բոլոր լավագույն արշավների արձագանքները մեկ գովազդի տակ։
Եթե երբեմն զարմանում եք, թե ինչպես են որոշ գովազդատուներ իրենց արշավների տակ հավաքում տասնյակ հազարավոր լայքեր, հնարավոր է, որ նրանք կիրառում են հենց այս նույն գաղտնիքը։
Սրա ամենապարզ ձևը հետևյալն է․ ձեր էջում ստեղծում եք գրառում, որը կհամապատասխանի գովազդի լավագույն կանոններին, իսկ այնուհետև գովազդ եք միացնում, օգտագործելով այս նույն գրառումը։
Այնուհետև, այս նույն գրառումը կարող եք օգտագործել ամեն անգամ, երբ նոր գովազդային արշավ եք ցանկանում աշխատեցնել։
2. Օպտիմիզացրեք ձեր գովազդը ցուցադրելու ժամանակացույցը
Արդյո՞ք դուք աշխատեցնում եք ձեր ֆեյսբուքյան արշավները շուրջօրյա՝ 24/7, փորձելով հասնել ձեր թիրախային լսարանին անկախ շաբաթվա օրից կամ օրվա ժամանակից։
Ֆեյսբուքյան գովազդների օպտիմիզացիայի ամենակարևոր մասերից մեկը ձեր գովազդային հաշիվները վերլուծելն է։ Դուք կնկատեք, որ որոշ օրեր և ժամեր ավելի արդյունավետ են ձեր գովազդների համար, քան մնացածները։
Որպեսզի տեսնեք, թե որոնք են այդ օրերն ու ժամերը, մուտք գործեք Ֆեյսբուքի ձեր գովազդային հաշվի հաշվետվությունների մասը՝ Facebook Ads Manager reports և սեղմեք ըստ տարբեր պարամետրերի արդյունքները դիտարկելու մենյուին՝ Breakdown menu, այնուհետև ընտրեք ըստ օրերի դիտարկելու տարբերակը՝ by Day։
Որպեսզի գտնեք ձեր գովազդների համար լավագույն օրերն ու ժամերը, կարող եք դիտարկել մի քանի արշավների արդյունքները։
Այնուհետև, ձեր արշավների ժամանակացույցը ինքներդ կարող եք սահմանել ընտրելով Run ads on a schedule տարբերակը, որպեսզի գովազդները ցուցադրվեն միայն ձեր ընտրած օրերին ու ժամերին։
Այս հնարքը ձեզ թույլ կտա գտնել այն ժամերը, որոնց ընթացքում ձեր լսարանը ամենից շատ ներգրավվածություն է դրսևորում և գովազդը ցուցադրել հենց այդ ժամերին։
Սա օգտագործելու մեկ այլ կարևոր պատճառ է այն, որ այս կերպ կարող եք պակասեցնել գովազդի ցուցադրման հաճախականությունը՝ Ad Frequency, և այն մարդկանց ավելի ուշ կձանձրացնի։
3. Փոքրացրեք գովազդից ձանձրանալու հնարավորությունը՝ մի քանի գովազդներ փոխառփոխ ցուցադրելու միջոցով
Որքան մարդիկ շատ են տեսնում ձեր գովազդները, այնքան ավելի արագ են ձանձրանում դրանցից։
Սա նշանակում է, որ եթե ձեր թիրախային լսարանը չորս կամ ավելի անգամ տեսել է ձեր գովազդը, ապա մեկ գովազդին սեղմելու գինը՝ CPC զգալիորեն կավելանա։
Իսկ ինչպե՞ս օպտիմիզացնել ձեր գովազդը, որպեսզի խուսափեք մարդկանց ձանձրացնելուց։
Ահա թե ինչ կարելի է անել․
• Ստեղծեք գովազդի մի քանի տարբերակ՝ ֆեյսբուքյան դիզայնի տարբերակներով․
• Ստեղծեք արշավ մի քանի գովազդային խմբերով՝ ad sets և տարբեր գովազդներով, և արեք այնպես, որ դրանցից յուրաքանչյուրը ցուցադրվի շաբաթվա տարբեր օրերին։
Այս կերպ, մարդիկ ամեն օր տարբեր գովազդ կտեսնեն, և դրանք իրենց չեն ձանձրացնի։
Այս հնարքը հատկապես օգտակար է լինում այն դեպքում, երբ ձեր լսարանը փոքր չափսի է, օրինակ երբ վերաթիրախավորում եք արշավը՝ remarketing campaigns.
Այս դեպքում, մարդիկ կարող են օրական մի քանի անգամ դիտել ձեր գովազդը, սակայն հարկավոր է, որ շատ ուշադիր լինեք, որպեսզի ամեն անգամ այն տարբեր տեսք ունենա։
4. Օպտիմիզացրեք ցուցադրելու հարթակները
Ֆեյսբուքյան գովազդի դեպքում ցուցադրելու հարթակները ճիշտ ընտրելը հսկայական ազդեցություն կարող է ունենալ ձեր ծախսերի վրա։ Օրինակ, այդ ծախսերը տարբեր հարթակների համար կարող են տարբերվել մինչև 550%-ով։
Որպեսզի տեսնեք, թե որ հարթակներն են ամենարդյունավետը ձեր գովազդի համար, մուտք գործեք ձեր գովազդային հաշիվ՝ Facebook Ads Manager և օգտագործեք ըստ տարբեր պարամետրերի արդյունքները դիտարկելու մենյուն՝ Breakdown menu, որպեսզի տեսնեք ձեր գովազդների ցուցադրման արդյունքները տարբեր հարթակներում՝ by Delivery – Platform։
Այն բանից հետո, երբ պարզեք, թե որ հարթակներում է ձեր գովազդներն ամենալավ ցուցադրվում, կարող եք փոփոխել արշավն ըստ այդ տվյալների։
• Մեծացնել ցուցադրման գումարը ըստ լավագույն ցուցադրման արդյունքների
• Եթե որևէ հարթակում ցուցադրման արդյունքը սպասվածից շատ ավելի ցածր է, պարզապես կարող եք անջատել այդ գովազդային խումբը։
5. Միշտ փորձարկեք ձեր գաղափարները ՝ A/B test
Որպեսզի որոշեք, թե ինչն է լավ արդյունքներ բերում, շատ կարևոր է գտնել, թե ինչն է լավ աշխատում։
Իսկ դրա համար ամենալավը Ֆեյսբուքի A/B test գործիքն օգտագործելն է․ կարող եք փորձարկել ձեր տեսողական նյութերը, տեքստերը, և լսարանը։
Սակայն ամեն ինչ չէ՛, որ հարկավոր է փորձարկել։
Ավելի լավ է մտածեք, թե ձեր գովազդի ո՞ր բաղադրիչները փոփոխելիս ամենամեծ արդյունքը կարող եք ստանալ գովազդի վրա սեղմելու կամ վաճառքների տեսանկյունից։
Կարող եք սկսել հետևյալ բաղադրիչներից․
• Գովազդի դիզայնը
• Գովազդի տեքստը և հատկապե՛ս վերնագիրը
• Ձեր եզակի առաջարկը՝ value offer
• Գովազդի տեղադրման հարթակները՝ Ad placements
• Գործողության դրդելու կոճակները՝ Call-to-action buttons
• Աճուրդի մեթոդները՝ Bidding methods
• Արշավի նպատակները՝ Campaign objectives
6. Փորձարկեք այնպիսի տարբերակներ, որոնք միմյանցից զգալիորեն են տարբերվում
Շատերը միանգամից մի քանի գործոն են փորձարկում։ Որպեսզի արդյունքները հասկանալի և օգտակար լինեն, հարկավոր է, որ որոշակի քանակով, առնվազն 100-ի կարգի, արձագանքներ ունենաք (օրինակ, clicks կամ leads) ամեն տարբերակի համար՝ նախքան որևէ եզրակացության կհանգեք։ Իսկ ավելի լավ կլինի, եթե ունենաք 300-ի կամ 500-ի կարգի արձագանքներ։
Երբ ձեր գովազդային բյուջեն փոքր է, այդքան արձագանք հավաքելը կարող է երկար տևել։ Որպեսզի ավելի արագ փորձարկեք, թե որ գովազդն է ավելի արդյունավետ, կարել է օգտագործել հետևյալ հնարքը․
1. Սկզբում, փորձարկեք գովազդի 2-3 այնպիսի տարբերակներ, որոնք իրարից տեսքով զգալիորեն տարբերվում են և գտեք այն դիզայնը, որն ավելի լավ է աշխատում։
2. Վերցրեք հաղթող տարբերակը և դրա մի քանի գործոններ փորձարկեք A/B test-ի միջոցով։
Այս եղանակով, դուք ժամանակ և գումար կխնայեք՝ կարճացնելով թեստավորման քայլերի քանակը։
7. Ճի՛շտ նպատակ ընտրեք ձեր գովազդային արշավի համար
Երբ սկսում եք նոր գովազդային արշավ ստեղծել, առաջին բանը, որ ձեզ առաջարկվում է ընտրել, Ֆեյսբուքի արշավի նպատակն է։
Գովազդային արշավի նպատակը տեղեկացնում է Ֆեյսբուքին ձեր արշավի վերջնական նպատակի մասին և օգնում է, որ իր ալգորիթմները ճիշտ օպտիմիզացնեն ցուցադրումը ու ձեր գովազդի համար ապահովեն լավագույն արդյունքները։
Սրանով, դուք փաստորեն թելադրում եք Ֆեյսբուքին, թե ինչպես ավտոմատ կերպով օպտիմիզացնի ձեր արշավը։
Չափազանց կարևոր է, որ դուք գովազդի ճիշտ նպատակ ընտրեք արշավի ստեղծելու ընթացքում, քանի որ դա կթելադրի թե ինչպես է գովազդը ցուցադրվելու, ինչպիսին կլինեն ծախսերը։
Իսկ ինչպե՞ս ճիշտ որոշել, թե արշավների համար նշված այս 10-ից ավելի նպատակներից, որն ընտրեք։
Դրա համար պետք է իմանաք ձեր գովազդի նպատակը և ընտրեք ըստ դրա։ Օրինակ, երբ ձեր նպատակը ձեր բրանդի մասին տեղեկատվություն տարածելն է, ապա ընտրեք «Brand Awareness» նպատակը։ Եթե ձեր նպատակը մարդկանց ձեր խանութ ուղղորդելն է, ընտրեք «Store Traffic» նպատակը։ Եթե գովազդի նպատակը դեպի վեբկայք ուղղորդելն է, ապա ընտրեք «Traffic» նպատակը։
Այս կերպ Ֆեյսբուքը կհասկանա, թե ինչպես օպտիմիզացնի ձեր գովազդը՝ ինչպես արդյունավետ կերպով մարդկանց ցուցադրի և ճիշտ տեղ հասցնի ձեր արշավը։
ՇԱՐՈՒՆԱԿԵԼԻ․․․